News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում անցել է 10 հազարից, մահացածների թիվը հասել 158-ի: Անցած 24 ժամում վարակվելու 517 նոր դեպք է գրանցվել, ապաքինվել է ընդամենը 25 մարդ: Մահացածների թիվն ավելացել է 19-ով: Երեկ մահացածներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա կին:

Այս պահին բուժում է ստանում 6368 պացիենտ: Նախօրեին բոլոր մահացածներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է:

Վարչապետը ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել հունիսի1-ի մանուկների տոնին տեղի ունեցած միջոցառումներից մեկի կազմակերպիչներով։  Նիկոլ Փաշինյանին տեսանյութ են ուղարկել, որը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում, գրել է նա եւ ընդգծել. «Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը »:

Պարետի սահմանափակումները բորբոքել են Արարատի մարզի   «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկայի վաճառականների կրքերը: Մարդիկ նշում էին, որ այդ աշխատանքով օրվա հացի փող են վաստակում: Վախենալով կորոնավիրուսից սովից մեռնե՞նք, հարցրել է բողոքողներից մեկը: Մյուսն էլ հիշեցրել է, որ իրենց ուժերով է Փաշինյանը դարձել վարչապետ, նաեւ հավելել.  «ճանապարհ ենք փակել, իր պատճառով ծեծ ենք կերել, իսկ այսօր մեզ ուզում է սպանի՞»:

«Ես վաղը իմ ապրանքը բերելու եմ, տեսնեմ ով է փակում շուկան: Բահերով դուրս կգանք նրա դեմ»,- հայտարարել է մեկ այլ ցուցարար: Արմավիրի մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն էլ պատասխանել է. «Ես փակելու եմ», ինչից հետո իրավիճակը թեժացել է, թեթեւ հրմշտոց սկսվել: Ի վերջո փոխզիջումային լուծում է գտնվել:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստում, որը հեռավար ռեժիմով վարել է վարչապետ Փաշինյանը, ներկայացվել են պարետատան կանոնների պահպանման վերահսկողության, ոստիկանական «ռեյդերի» արդյունքները, նշվել է, որ չնայած խստացումներին՝  կազմակերպվում են զանգվածային միջոցառումներ: Վարչապետն ասել է, թե լրջագույն աշխատանք պետք է տարվի՝ կարգապահության բարձրացման և ցանկացած զանգվածային  միջոցառման կանխարգելման ուղղություններով:

Վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, «Ինստագրամում» հրապարակել է իր լուսանկարը, շնորհակալություն հայտնել բարեմաղթանքների համար։ «Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել, փաստորեն, ես վիրուսակիր էի եւ դրա մասին չգիտեի։ Աղոթում եմ, որ դիմակիս շնորհիվ կանխարգելած լինեմ վիրուսի տարածումը»։

Կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունն արտացոլում է այն ոչ ադեկվատ արձագանքը, որը երկար ժամանակ տեսնում ենք իշխանություններից։ Այս մասին լրագրողներին ասել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար  Արման Աբովյանը։ Համավարակին լուրջ չվերաբերվելու մարդկանց վարքն, ըստ Աբովյանի, գալիս է իշխանություններից, որոնք, ըստ նրա,  լուրջ չէին վերաբերվում, հեգնում էին վտանգը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարներից  պահանջել է կարգի հրավիրել իրենց թիմակիցներին: Քրիստինե Պողոսյանին վրդովել էր ԲՀԿ-ից Գեւորգ Պետրոսյանի արարքը. Նա իր ֆեյսբուքյան  էջում տեղադրել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հարցազրույցից մի հատված, որտեղ նա շեշտել էր, թե երջանիկ են իրար գտնող 2 հոգին՝ անկախ սեռից, եւ գրել. «Ժողովուրդ, սա ո՞վ ա, էս ի՞նչ ա քարոզում...»։

«ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը ելույթի առաջին բառերից հետո չի կարողացել զսպել ծիծաղը և կիսատ թողնելով ելույթը՝ հեռացել է ամբիոնից։ Ատոմյանը իր կուսակից պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին դիմել էր «տիկինով»։

Եվրահանձնաժողովն արգելել է Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերություններին թռչել Եվրամիության անդամ երկրներ։  Այս որոշումը հետեւել է ամիսներ առաջ Հայաստանի քաղավիացիայում աուդիտի կոշտ գնահատականներին։ Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը պահանջել է չփորձել մեղքը նախկինների վրա բարդել։

Իշխանությունները չներեցին Քաջարանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ու երիտասարդներին վերցրին կալանքի տակ,  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել  է մեղադրյալներից մեկի պաշտպան Արա Ղազարյանը։ Ըստ նրա՝ կալանքի նպատակն իբր այն է, իրենք ասում են՝ մենք վախենում ենք, որ տուժողի վրա ճնշումներ կգործադրվեն։ Բայց  դեպքը մեկ ամիս առաջ է եղել, եթե ճնշում եղած լիներ, արդեն վաղուց կլիներ։

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամի օգնություն է տրամադրել Երեւանում բնակվող, սոցիալապես անապահով, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող բոլոր 468 անչափահաս երեխաներին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.53 դրամով եւ կազմել  482.49 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.50 դրամով ու հասել 539.28 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.88 դրամով ու հասել 606.25 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով ու կազմել 7.02 դրամ։

Հունիսի 3-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին վայրերում եւ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +17+19, վաղը ցերեկը՝ +30+32։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ