News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո թերեւս առաջին անգամ մեկ օրում ապաքինվածների թիվը գերազանցել է վարակվածների թվին։ Հունիսի 10-ի առավոտվա դրությամբ վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Դրանց թիվը հասել է 14103-ի։ Այս պահին բուժվում է 8573 մարդ, նախորդ օրը ապաքինվել է   775-ը: Մահացածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել 227-ի։

10 մահացածներից ամենաերիտասարդը եղել է 54 տարեկան տղամարդ, ամենատարեցը՝ 93 տարեկան տղամարդ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ մարդիկ ունեցել են կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է:

Հայաստանն արդեն աշխարհում 19-րդ տեղում է մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող COVID-19-ով վարակվածների թվով: Այդ տեղից 20-րդն է իջել Շվեդիան, որտեղ ընդհանրապես արտակարգ դրություն չի հայտարարվել։ Վարակակիրների բացարձակ թվով առաջատարը ԱՄՆ-ն է՝ այստեղ կորոնավիրուսով հիվանդացել է 2 միլիոնից ավելի մարդ։

Սեւանա լճում ջրահեղձ է եղել 16-ամյա երկու պատանի։ Նրանք, 3 ընկերներով, գնացել էին Սեւանի «Հանրային լողափ»՝ լողալու։  Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը դեպքից րոպեներ անց NEWS.am-ին պատմել է, որ ինքն է նետվել փրկելու պատանիներին, սակայն  սակայն արդեն ուշ է եղել:

Ողբերգական դեպք է տեղի ունեցել նաեւ Կոտայքում․ Ըստ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 3 երիտասարդ փորձել է ինքնաշեն միջոցներով մտնել ոսկու հանքախորշեր և այնտեղից սիրողական մակարդակով հանքաքարեր հանել։ Մարզպետը նաեւ պարզաբանել է, թե ինչու այնպես չի արվում, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան: Մի խումբ անձինք էլ, որոնք այդ հանքախորշի աշխատակիցներ են, երիտասարդների մարմինները դուրս բերելիս նույնպես թունավորվել են եւ այժմ բուժվում են։

Երբ երկրում արտակարգ դրություն է հայտարարված եւ մենք պայքարում ենք աներեւույթ թշնամու դեմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը  հայտարարում է կառավարության կազմն ամբողջովին փոխելու մասին, ես դա ողջամիտ չեմ համարում: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողներին ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

ԲՀԿ ղեկավարի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին, NEWS.am-ին հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։  Ծառուկյանի ենթադրյալ  մասնակցությամբ 41 տարի առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործի վերաբերյալ մամուլում, մասնավորապես վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում եղել էր հրապարակում։ Փաստաբանը շեշտել է, որ այդ դեպքում թող հրապարակեին նաեւ 2001-ին վճռաբեկ դատարանի՝ Ծառուկյանի արդարացման վճիռը։

Իսկ Լոռու մարզպետը, որն իր էջում տարածել էր հիշյալ հրապարակումը, Գագիկ Ծառուկյանին, որպես քաղաքական գործիչ, խղճում է, որովհետև,  ըստ Անդրեյ  Ղուկասյանի, նա չունի իր ուրույն քաղաքական դիմագիծը եւ անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից:

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը ցավ է հայտնել, որ «Իմ քայլի» մի խումբ անդամներ ու մարզպետներ իշխանություն կոչվող խաղալիք են գտել ու դրանով խաղում են մանկության բարդույթները հաղթահարելու, անհետագիծ  գոյության մասին հիշեցնելու համար:  «Չեք տեսել պատից կախ, միանգամից տեսաք ճակատից կախ: Ձեր դեմքը հիշելու համար գուգլում պետք է որոնենք, պարզելու թե դուք թրաշամանուկներից որ մեկն էիք: Իշխանությունն ու մեր երկիրը խաղալիք չեն ձեզ համար: Ձեր պամպերսները պարբերաբար փոխեք, թե չէ վախենամ ձեզ գտնելու համար գուգլում որոնելու փոխարեն հոտի ուղղությամբ շարժվենք», գրել է Էնֆիաջյանը:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ահազանգում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք ծախսային հոդվածներից նվազեցում է արել և շուրջ 10 միլիոն դրամ է հատկացրել նոր ծառայողական մեքենա գնելուն։ «Եվ դա քաղաքի եկամուտների էական անկման ֆոնին», գրել է Խաժակյանը։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ հանրության եւ երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ։  Այս մասին հայտարարություն է տարածել ԵԿՄ նախկին նախագահի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը: Նա հիշեցրել է, որ երեկ գեներալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գիտակցության կորստով, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ըստ պաշտպանի, առողջապահության նախարարը մատը մատին չի խփում մասնագիտական կարծիք տալու, եւ Արցախյան պատերազմի վետերանի կյանքի փրկության գործի կազմակերպումը հեշտացնելու համար։  

Ազատամարտիկ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը դատարանին հարակից   այգուց բերման է ենթարկել՝ դիմակ չկրելու պատճառով, հայտնել է նիստը նախագահող դատավորը։

Ոստիկանությունում վարչական արձանագրություն  կազմելուց հետո Պավլիկ Մանուկյանին բաց են թողել։ «Դիմակահանդեսին չմասնակցելու համար են ինձ բերման ենթարկել: Ես դիմակ ընդհանրապես չեմ կրել եւ չեմ կրելու, թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա»,  NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ազատամարտիկը:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հերքել է մամուլում պտտվող լուրերը, թե ինքն իբր  փոշմանել է և որոշել է մնալ ու պաշտոնավարել:  Նա պարզաբանել է, որ իր պարտքն է համարում գնալ աշխատանքի ու բարեխղճորեն կատարել այն, մինչեւ ազատվելու դիմումի վավերացումը։  «Դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել», գրել է նա:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով  ու կազմել  481.03 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.25 դրամով ու  հասել  546.40 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.99 դրամով ու հասել 613.36 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  6.99 դրամ։

Հունիսի 11-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, նաեւ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +31 +33:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ