News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հուլիսի 6-ի երկուշաբթին նշանավորվեց տարբեր մոլերում ռումբի տեղադրման ահազանգերով։ Կեսօրից հետո ոստիկանությունը նման ահազանգեր է ստացել Դալմա Գարդեն մոլից ու Մեգամոլից։ Դեպքի վայր են շտապել ոստիկանության եւ ԱԻՆ-ի աշխատակիցներ՝ վարժեցված շներով ու սկսել մարդկանց տարհանումը։

Երեւանի «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում ռումբեր չեն հայտնաբերվել. մոլը կանցնի բնականոն աշխատանքին, երկու ժամ անց լրագրողներին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։ Ավելի ուշ Դալմա մոլում եւս ռումբի որոնումներն ավարտվել են։ Երկու ահազանգն էլ կեղծ է եղել։

Հուլիսի 6-ի դրությամբ Հայաստանում, ընդհանուր առմամբ, մահացել է 650 կորոնավարակակիր։ Եվս 650 մարդ ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Անցած մեկ օրում երկրում գրանցվել է վարակվելու 330 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 28936-ի: COVID-19-ից մահերի թիվը ավելացել է 7-ով ու հասել է 491-ի։ Կիրակի արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ մարդը վարակված է եղել, բայց մահացել է այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:

Նորքի տուն-ինտերնատում մարտ ամսից մինչեւ օրս կորոնավիրուսով վարակված տասը տարեց է մահացել, NEWS.am-ին հայտնել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Մյուս բոլոր վարակվածներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից. նրանց կրկնակի թեստի պատասխանը բացասական է։

Մեկ շաբաթից կավարտվի արտակարգ դրության ժամկետը։ Վարչապետ նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ այն առնվազն մեկ անգամ ևս մեկ ամսով կերկարաձգվի։

Այս օրերին հանրային կրքեր է բորբոքել ԿԳՄՍ նախարարության՝ շրջանառության մեջ դրած Հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը, ըստ որի Հայ եկեղեցու պատմություն առարկան այլեւս չի դասավանդվելո դպրոցներումւ։ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը NEWS.am-ին հայտնել է, որ մոտ մեկ ամիս առաջ չափորոշիչների առցանց քննարկում է եղել, որին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդհանուր փիլիսոփայությունը, եւ ամեն մասնակցի տրվել է 1-2 րոպե ընդհանուր դիտարկումների համար։ Դա այն ձեւաչափը չէր, որտեղ պետք է քննարկվեր ՀԵՊ առարկայի հարցը, ասել է բարձրաստիճան հոգեւորականը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ մի խումբ դասախոսներ եւ ուսուցիչներ էին բաց նամակ հղել նախարարին՝ հորդորելով չգնալ այդ քայլին։

Հայ եկեղեցին այն հաստատությունը չէ, որի դեմ կարելի է սուր ճոճել և հաղթող դուրս գալ, NEWS.am-ին ասել է մեկ այլ բարձրաստիճան հոգեւորական Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Հայ եկեղեցու պրոդուկտն է հայ դպրոցը։ Ինչպե՞ս կարելի է հայ եկեղեցուն օտարել դպրոցից։ Հանցագործություն է հայ ժողովրդի և հայ ինքնության նկատմամբ արվածը»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը։ Սրբազանն ասել է, որ իրենց սերունդն արդեն 30-35 տարվա հոգևորական է, մեծ մասը նաև մանկավարժ է, իսկ այսօրվա սերունդը, որը եկել է և հարցեր է ուզում լուծել՝ ոչ թե 30 տարվա գործունեություն չունի, այլ 30 տարվա կյանք չունի, 50 տարի հետո հայ եկեղեցին կլինի, բայց այսօրվա իշխանությունը հաստատ չի լինի։

ԿԳՄՍ նախարարության մոտեցումը ոչ միայն վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի եւ կեցության ձեւի նկատմամբ, այլեւ հայկական արժեքահամակարգի դեմ իրականացվող այլ գործողությունների հետ համատեղ, ի վերջո կարող է բերել ազգային նկարագրի կորստի, եւ մեր երկրի հայաթափման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, նաեւ ընդգծել, որ այդ համատեքստում է նաեւ դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցման կրճատումն ու որպես ծրագրից Նախնական զինվորական պատրաստություն առարկան հանելը։

Սահմանադրական դատարանում վաղը՝ հուլիսի 7–ին նախատեսված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների քննարկման նիստն, ամենայն հավանականությամբ, չի կայանա, քանի որ կասկածի տակ է նիստին անհրաժեշտ թվով դատավորների մասնակցության հարցը։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը NEWS.am–ին ասել է, որ նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է առնվազն հինգ դատավոր, մինչդեռ այժմ ՍԴ–ում կա չորս դատավոր։ Հիշեցնենք, որ հրայր Թվմասյանն արձակուրդում է, իսկ երեք դատավորներին ոստիկանները թույլ չեն տալիս մտնել դատարանի շենք՝ հայտարարելով, որ Ազգային ժողովոի ընդունած փոփոխություններից հետո նրանց լիազորությունները դադարեցված են։

Հանգստյան օրերին Ֆեյսբուքյան «բոլոլայի» առիթ էր դարձել երգիչ Արամոյի, կարելի է ասել, շարքային հարցազրույցը։ Արվեստագետն ընդամենը տարակուսանք էր հայտնել, որ գույքահարկի մասին օրենքն ընդունելուց առաջ որևէ հանրային քննարկում չի արվել, եւ նա վիրավորական է համարել պատգամավոր Հովիկ Աղազարյանի եզրահանգումը, որ եթե գույքահարկը չեն կարողանում վճարել, թող բնակարանը վաճառեն, գնան ծայրամասում տուն գնեն։ Չնայած Արամոն կարծիք էր հայտնել, որ պետք է համերաշխ լինենք, սև-սպիտակի, թացուչորի չբաժանվենք, այնուամենայնիվ հենց այս հարցազրույցից հետո նա հայտնվել էր իշխանության կողմնակիցների արշավի թիրախում։

Մերժվել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու հերթական միջնորդությունը, Ֆեյսբուքում գրել է Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։ «Սպասվու՞մ են, արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։ Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի եւ անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ», գրել է Մակինյանը։

Կիրակի ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում։ Վերինհոռաթաղցի 11 եւ 14-ամյա երեխաները Սարսանգի ջրամբարում ջարհեղձ են եղել։ Երեխաները գնացել են իրենց անասունների հետեւից, ուշացել են, ընտանիքի անդամները գնացել են փնտրելու, մեկի` 11 տարեկանի դին գտել են, մյուսինը՝ դեռ ոչ»,- ասել է վարչակազմի ղեկավարը: Ավելի ուշ գտնվել է նաեւ 14 տարեկան երեխայի մարմինը։ Հասկանալի չէ՝ ինչպես են հայտնվել պատանիները ջրամբարում, նրանք հագուստով են եղել, ինչից կարելի է ենթադրել, որ լողալու նպատակ չեն ունեցել։

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել նաեւ Գյումրիում։ ժամը 17-ին մոտ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Մուշ թաղամասի բնակարաններից մեկում տղամարդու կախված դի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի քաղաքացի, 20-ամյա Սալիխովի դին ու նամակ: Մահացածը ծառայում էր Գյումրիի ռուսական ռազմաբազայում:

Այսօր վաղ առավոտյան, 6-ն անց 17 Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել, որի էպիկենտրոնն ընկած է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք։ Նշենք, որ վերջին մեկ շաբաթում արդեն երրորդ երկրաշարժն է գրանցվւմ Հաայստանում։

Հռոմում մահացել է իտալացի կոմպոզիտոր 92-ամյա Էնիո Մորիկոնեն։ Երաժիշտը կուռքային սաունդթրեքներ է ստեղծել «Լավը, վատը, չարը», «Պրոֆեսոիոնալը», «Գարշելի ութնյակը» եւ ընդհանուր առմամբ 400 ֆիլմի ու սերիալի համար, արժանացել երկու «Օսկարի», երեք «Ոսկե գլոբուսի», բազմաթիվ այլ մրցանակների։

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoff փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին եւ իր մարզչի` Բոյ Ջորջից ստացել հաջորդ փուլի ուղեգիր: Մաշայի մրցակիցը Էլիս Սենե-Լեֆաոն էր. նրանք կատարել են Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգը: Հատկանշական է, որ Մաշան երգի առաջին տողերը կատարել է հայերեն, ինչն արժանացել է ժյուրիի անդամների դրական արձագանքին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դամով ու կազմել 483.35 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.77 դրամով ու հասել 547.05 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.11 դրամով ու հասել 605.49 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով ու կազմել 6.74 դրամ։

Վաղը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ապա կրկին կսկսի իջնել: Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +34 +36 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 13.08.2020
Գործադիրի նիստին անդրադառնալով կառավարություն–բիզնես գործընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 12.08.2020
Անցած գիշեր, Երեւանի ժամանակով 3:29-ին Հայաստանի Սեյսմիկ ծառայությունը գրանցել է Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 11.08.2020
Վաղը կառավարության արտահերթ նիստ կհրավիրվի...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 10.08.2020
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ «Ազատության» ռադիոկայանի լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 07.08.2020
Երրորդ նախագահի գրասենյակը տարածել է տեսանյութ...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 06.08.2020
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հերթական հնչեղ ձերբակալությունը...