News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 03
USD
485.33
EUR
575.46
RUB
6.57
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Հայաստանն աշխարհում 9-րդն է բնակչության թվի համեմատ վարակակիրների քանակով։ Անցած մեկ օրում մեր երկրում մահացել է 17 կորոնավիրուսակիր։ Այսօր առավոտվա դրությամբ վարակվելու 349 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 29285-ի, նրանցից ապաքինված է համարվում 16907-ը: Մահացածների թիվն ավելացել է 12-ով եւ հասել 503-ի: Արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ COVID-19-ով վարակվածը մահացել է այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է:

Առողջապահության նախարարին հայտնի չէ, մարդը կարո՞ղ է կրկին վարակվել թե ոչ․ նրա խոսքով՝ աշխարհում դեբատը շարունակվում է: Հիվանդների բուժման ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ հարցին ի պատասխան, նախարարն ասել է, որ տնային պայմաններում թոքաբորբի բուժման դեղորայքը թանկ չէ: Ըստ Թորոսյանի՝ միայն պատվաստանյութի առկայությունն է մեզ թույլ տալու վերադառնալ բնականոն կյանքի՝ առանց դիմակների:

Դիմակի վերաբերյալ Թորոսյանը նախօրեին աղմկահարույց հայտարարություն էր արել՝ ինչը աղմուկ էր բարձրացրել սոցհարթակներում, նախարարն ասել էր, թե ինչպես մարդը տնից մերկ դուրս չի գալիս, այնպես էլ առանց դիմակի չպետք է դուրս գա։ Այսօր նախարարի արած այս համեմատության անդրադարձել է ԲՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է խիստ վիճահարույց նախագիծը, որը նախատեսում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20․000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50․000 դրամ:

Կառավարության դիմաց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ֆլեշմոբ են իրականացրել «Վորոնեժ եւ Կրասնոդար» անվանումով՝ ակնարկելով Հայաստանից մեծ ծավալի մաքսանենգ ծխախոտի՝ այդ քաղաքներում հայտնվելու փաստը: Ըստ կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ կառավարությանը թվում է, թե կարող է «ծածկադմփոց» անել իրենց կոռուպցիոն սկանդալային պատմությունները եւ ապօրինությունները: Մամիջանյանի խոսքով՝ Փաշինյանը ուժայիններին ստիպում է ծածկել իր կեղտոտ կոռուպցիոն սկանդալները, բայց, ըստ նրա, եթե դու հոգու խորքում հատիկով ծխախոտ վաճառող ես, այդպիսին էլ մնալու ես:

Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս է բացվել, ինչին ներկա են եղել վարչապետն ու պաշտպանության նախարարը, նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Նախատեսված է նաեւ նանո մանրաթելերի, դրանցից տարբեր իրերի, օպտիկա-էլեկտրոնային սարքերի, գիշերային ջերմային նշանոցների արտադրություն:

Իլհամ Ալիեւն ասել է, թե չի փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ այն իբր արդար է, թե թույլ չեն տա հայկական երկրորդ պետություն ստեղծել, այսպես ասած, ադրբեջանական հողի վրա։ Իլհամ Ալիեւը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության համար: «Եթե բանակցություններն առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի»,- ասել է Ալիեւը:

Ալիևեին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Արցախի՝ հայկական հող լինելու մասին պատմագրության էքսկուրս կատարելուց հետո Մանե Գևորգյանն անդրադարձել է նաև բանակցությունների հարցին։

«Պարոն Ալիեւի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը. այն է, Արցախի ժողովրդի իրավունքների լիակատար անտեսումը: Եվ ինչպե՞ս պետք է սրան արձագանքեն Արցախի քաղաքացիները: Բնականաբար՝ իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, եւ քանի դեռ Ադրբեջանն այդ իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել: Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը։ Պարոն Ալիեւը հարցի չկարգավորման մեջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարությանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից»։

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունն այսօր թեժ է անցել։ Դատախազները միջնորդել էին դատարանին՝ սահմանափակել Քոչարյանի պաշտպանների միջնորդություններ ներկայացնելու իրավունքը։ Երկրորդ նախագահի պաշտպաններին վրդովվեցրել էր միջնորդության անհարգալից բովանդակությունը։ Պաշտպաններից Հայկ Ալումյանը նկատեց, որ դատարանն անգործության է մատնվել, և չի արձագանքում, երբ մեղադրող կողմն անհարգալից վերաբերմունք է դրսեւորում դատարանի նկատմամբ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է դատախազության միջնորդությունը:

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նրա պաշտպանների եւ դատախազության բողոքների քննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չէր ներկայացել դատարան, քանի որ վարակված է կորոնավիրուսով։

Երեկ Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը, ինչը տգիտության հետեւանք է։ Հետաքրքիր է, որ բոլոր նախորդ տարիներին Սպիտակ տան կամ պետքարտուղարության խոսնակները մշտապես խուսափել են ուղիղ հարցից հետո Հայոց ցեղասպանություն եզրույթի հիշատակումից, մինչդեռ այս անգամ հարցն ընդհանրապես վանդալիզմի դրսեւորումներին էր վերաբերում։ «Թվում է՝ ըմբռնման և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, որը հարգանքի տուրք է մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների, այդ թվում՝ ստրկության զոհերին, ենթարկվում է վանդալիզմի», ասել է նա։ Այս հայտարարությանը Երեւանից արձագանք չի եղել, մինչդեռ փորձագետները կարծում են, որ արտգործնախարարությունը պետք է ողջուներ այն։

Իրապատում-շոուի գերաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետեւորդներին կոչ է արել աջակցել փոքր բիզնեսին Հայաստանում՝ նվիրատվություն անելով Հայաստանի աջակցության հիմնադրամին։

Իսպանական «Թղթե տունը» հռչակավոր սերիալում Բոգոտայի դերակատար Հովիկ Քյոշքերյանին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հյուրընկալել է Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եւ դերասանին նվիրել անվանական խաղաշապիկ։ Ֆուտբոլի ֆեդերացիան լուսանկար է հրապարակել հանդիպումից։ Քյոշքերյանը առաջին անգամ է հայրենիքում, առիթը ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի եւ պրոդյուսեր Արման Նշանյանի նոր նախագծում գլխավոր դերի առաջարկն է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.77 դամով ու հասել 485.12 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով ու կազմել 546.92 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով ու կազմել 605.43 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 6.72 դրամ։

Հայաստանի առանձին հատվածներում հուլիսի 8-ի ցերեկը սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը եւս մի փոքր կբարձրանա: Իսկ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը կեսօրից հետո՝ +35 +37:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ