News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանահայ ընտանիքը օրերս իրենց տան հարևանությամբ՝ Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կրպակ է տեղադրել՝ զովացուցիչ ըմպելիքներ և սուրճ վաճառելու նպատակով, սակայն իրենց պնդմամբ՝ այլ անձինք, որոնք այդ տարածքին շատ մոտ նմանատիպ գործունեությմաբ են ուզում զբաղվել, փորձում են խոչընդոտել։ Այսօր Դագեսյանների ընտանիքը անակնկալի է եկել, երբ տան հոսանքն անջատվել է։

«Ամեն ինչ օրինական ենք արել՝ ԱՁ-ն բացել ենք, ՀԴՄ-ի սարք ենք առել։ Մեր բնակարանի ննջարանից էլեկտրականության լար ենք քաշել, որպեսզի կրպակը հոսանք ունենա, որի համար վճարելու ենք, մեր կումանալի մեջ է մտնում։ Կրպակի հարևանությամբ ինչ-որ մարդիկ նույն գործունեությամբ են ուզում զբաղվել։ Մեզ հետ խոսեցին, ասացին՝ սա տարեք այստեղից, դուք մեր գործին խանգարելու եք, մենք փող ենք ծախսել՝ խանութ բացել, մենք էլ ասացինք՝ մենք էլ փող ծախսել, ասացին՝ լավ։ Այդ օրվանից մեր հետ բանի մեջ բան ու այդ լարի համար երևի մարդ ուղարկեցին, ով օրենքից դուրս սկսեց խոսալ, որ մեր տան հաշվիչը տանելու են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց լիբանանահայ Ավետիս Դագեսյանը՝ հավելելով, որ մի քանի տարի է եղբոր հետ այստեղ է բնակվում և սովորում, իսկ ծնողներն էլ համավարակով պայմանավորված եկել են Հայաստան, բայց սահմանները փակ լինելու պատճառով այստեղ են մնացել, ընդ որում՝ չեն աշխատում։

«Այս մարդիկ չորս ամիս է ՝այստեղ են, տասը դրամ չեն աշխատել, մենք էլ ուսանող ենք, ու դրա համա կրպակն այդ տարածքում դրեցինք, որ էլեկտրականությունն էլ տնից վերցնենք ու այդպես աշխատեցինք, մինչև ինչ-որ տեսուչ եկավ ասաց, որ չի կարելի, մենք էլ հետաքրքրվեցինք՝ բայց ի՞նչ օրենք են խախտում, ասաց՝ ուղղակի չի կարելի, ոչ մի հիմք չներկայացրեց»,- հավելեց Ավետիսը։

Լիբանանահայ ընտանիքին ամենից շատը զայրացնում է այն, որ առանց պատճառաբանության են տան հոսանքն անջատել։

«Պիտի ասեն, թե ի՞նչ ենք խախտում, ես հասկանամ՝ ի՞նչն եմ սխալ արել։ Ես պատրաստվում եմ դատի տալ էդ էլեկտրիկին, որովհետև ինքն ինձ պիտի զգուշացներ անջատելուց առաջ, ես չպետք է զանգեմ, հարցնեմ՝ Դո՞ւք եք անջատել, թե՞ ոնց »,- շեշտեց նա։

Մինչ կրպակ բացելը ընտանիքը դիմել էր նաև Երևանի քաղաքապետարան։

«Մենք գրել էինք, որ կրպակ ենք ուզում տեղադրել, քաղաքապետարանից մեզ գրավոր պատասխանել էին, որ կրպակների հետ կապված ոչ մի օրենք չկա՝ ո՛չ արգելող, ո՛չ թույլատրող, ու ասացին, որ նոր օրենք է ընդունվելու, որն ուժի մեջ է մտնելու 2021թ․-ի հունվարի 1-ից։ Ի պատասխան՝ մենք ասացինք, որ մինչև հունվարի 1-ը մեր գործը կանենք, դրանից հետո օրենքը ոնց թույլատրի, այնպես էլ կշարժվենք»,- ասաց Ավետիսը։

Դագեսյանները մինչև տնից կրպակ հոսանք տանելը դիմել էին նաև ՀԷՑ՝ նշելով, որ կրպակի համար առանձին հաշվիչ են ուզում բացել։

«Մեր դիմումին գրավոր պատասխանեցին, որ նման բան չեն կարող անել, որովհետև ինչպես քաղաքապետարանն ասաց՝ կրպակների մասին օրենք չկա։ Ակնհայտ է, որ մեզ ասում են՝ դուք ձեր գլխի ճարը տեսք, մինչև որ օրենքը լինի»,- նշեց նա։

NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաև էլեկտրատեսուչի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Լիբանանայ ընտանիքը նաև ՀԵՑ-ի թեժ գիծ է զանգել, որտեղից փոխանցել են, որ նշված հասցեի հոսանքն անջատված չէ, և ոչ մի խախտում գրանցված չէ։

Ավետիս Դագեսյանը հավելեց, որ օգոստոսի 4-ին Բեյրութում որոտացած պայթյունի հետևանքով վնասվել է նաև իրենց տունը։

«Ատաղձագործ է գնացել, որ տան մուտքի դռան դիմաց փայտ դնի, որ գող չմտնի։ 4 կմ հեռավորություն չկա մեր տան և պայթյունի վայրի միջև։ Ամեն ինչ ավիրված է, հետ գնալու տարբերակ չկա»,- նշեց նա։

Տպել
Ամենաշատ