News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պարետի նոր որոշմամբ՝ սահմանափակումների մեղմացմամբ պայմանավորված` սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը` մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները։ Կանոնների պահպանման վերահսկողությունը վերապահվել է  առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նիստին դատարանը բավարարել է Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին փաստաբանների միջնորդությունը։ Բաբլոյանին էլ թույլատրվել է ժամանակավոր բացակայել երկրից։ Ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանը չարաշահել է իր լիազորությունները եւ պաշտոնեական կեղծիք է կատարել, Բաբայանն էլ օժանդակել է նրան։ Խոսքը Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացքում փաստաթղթերն ԱԺ համակարգում մուտք անելու մասին է։

Այսօր վերսկսվել է նաեւ ««Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ընդդեմ սեւազգեստ մայրերի» դատական նիստը. այս մեկին էլ, ինչպես նախորդներին, հայցվոր կողմը չի ներկայացել։  «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողներին հիշեցրել է, որ «Մարտի 1»-ի տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը խոստացել է 30 միլիոն դրամը  շպրտել տիկին Մարգարիտայի երեսին։  Մարգարիտա Խաչատրյանը չի պատրաստվում ներողություն խնդրել։ «Ներողություն չեմ խնդրի այն մարդկանցից, որոնք իրենց որդիներին կորցրին ոչ թե հայրենիքի պաշտպանության, այլ աթոռակռվի համար», ասել է նա։

«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները վաղվանից դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը,  հայտարարել է նրանց ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ «Դատախազությունը չէր դրսեւորում բավարար կամք եւ ջանադրություն, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից»,- ասել է Եգորյանը՝ այդ դատավարությունը համարելով թանկարժեք ժամավաճառություն եւ ֆարս։

Ամուլսարում դարձյալ անհանգիստ է։ Հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու հայտարարել, թե Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել եւ ծեծել են այնտեղ հերթապահող քաղաքացիներին։  «Մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն: Փաստորեն «Լիդիանը» վարձելով այս մարդկանց տվել է հստակ առաջադրանք՝ համայնքի բնակիչների դեմ ուժ կիրառել»,- նշել է ակտիվիստը:

Այլ բան է պատմում եւ տեսանյութով հիմնավորում «Լիդիան Արմենիան»։ «Սեպտեմբերի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով եւ քարերով հարձակվելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Կարող եք տեսնել` ինչպես են «բնապահպան» ներկայացող անձինք տանջում տարածքի շներին», նշված է ընկերության հայտարարությունում: Կից տեսանյութը «Լիդիանը» համարում է հաղորդում հանցագործության մասին։

Ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 17-ի։ Հանգստյան օրերին  3 նոր դեպք է արձանագրվել։ Ըստ առողջապահության նախարարության՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն արձանագրվել է կեղծ օղուց թունավորման 46 դեպք: Թունավորվածներից 3-ը կուրացել են։ 13 բուժում ստացողներից մեկի վիճակն է բավարար, մյուսները շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։

Հայաստանում մահացել է COVID-19-ով վարակված 1175 մարդ։ Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845-ի: Վիրուսից մահացել է 3 մարդ, որոնցից մեկը 50-ամյա տղամարդ է։ Հանգստյան օրերին այս վարակը խլել էր եւս 9 մարդու կյանք։

Գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել Երեւանի Ավան Առինջի Բաբաջանյան փողոցի տներից մեկում: Հրշեջները տնից դուրս են բերել այրվածքներ ստացած 60-ամյա կնոջը։ Նրան հոսպիտալացրել են Այրվածքաբանության կենտրոն։

Արագածավան-Արտենի ջրանցքում խեղդված 19-ամյա երիտասարդը ջուրն է մտել Արագածավան գյուղի տարածքում, որտեղ մի քանի օր է, ինչ հովիվ էր աշխատում։ Համայնքապետ  Անդրանիկ Պապիկյանը NEWS.am-ին պատմել է, որ գտել են շորերը, ենթադրել, որ լողալու համար է մտել ջուրը, մարմինը գտել են ջրի հոսքը դադարեցնելուց հետո։

Կառավարության դիմաց գործարար Արմենակ Խաչատրյանը բողոքի ակցիա էր իրականացնում՝ նշելով, թե կորցրել է ամեն ինչ, փակվել են իր բիզնեսները, հիմա էլ տունն է կորցնում: Գործարարը դժգոհում էր գյուղատնտեսական վիճակից ու պետության աջակցության բացակայությունից։

Նա Կառավարության  դիմաց է լցրել իր այցեքարտերը, որ քաղաքացիները դրանցից տեղեկանան իր ներկայացրած խնդիրների մասին: Դրանից հետո նրան բերման են ենթարկել։

Ռուսաստան մեկնել ձգտողներն ավտոերթ են անցկացրել Երեւանի փողոցներում: Նրանք ավտոմեքենաներին փակցրել էին պաստառներ. «Хочу в Россию»,  «Պահանջում ենք վարչապետի աջակցությունը»: Ավտոերթն ավարտվել է Հանրապետության հրապարակում, որտեղ ակցիայի մասնակիցները հերթական հավաքն են կազմակերպել:

Հայաստանում չեն ապրում, այլ գոյատեւում են, հայտարարել է ակցիայի մասնակիցներից Լուսինե Գրիգորյանը, որը երկար ժամանակ չի կարողանում մեկնել ընտանիքի մոտ:

Արձակուրդից վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է  Տավուշի մարզի սահմանամերձ համայքներ։ Չինարիում նա շնորհակալություն է հայտնել սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։

Կեսգիշերն անց Ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ եւ հերթապահ հոգեբանը:

Տղամարդու ցած նետվելու փորձը հաջողվել է կանխել։ Նշենք, որ նման մի փորձ էլ եղել է հանգստյան օրերին։

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. կեսօրին մոտ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Գավառի մոտ գտնվող սարերից մեկում կրակոց է հնչել և կա զոհ։ Իրավապահները պարզել են, որ 65-ամյա մահացածը անզգուշաբար հրազենային վնասվածք է ստացել իր 36-ամյա որդու՝ որսի ժամանակ անզգույշ կրակոցի հետևանքով։

Շաբաթ օրը տհաճ միջադեպ է գրանցվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Առաջին տպավորությամբ՝ պղծվել էին Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։ Ոստիկանությունը պարզաբանել է, որ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։ ՀՅԴ-ն հերքել է այդ լուրը, պնդելով, որ երիտասարդ դաշնակցականները մոմերը վառել են հատուկ տարաների մեջ։

Կանադայի Մոնրեալ քաղաքում բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը: Կանադայի «Հայ դատի» գրասենյակը տեղեկացնում է, որ հայ երգի հանճարի արձանի հեղինակը մոնրեալցի քանդակագործ Մկրտիչ Տարաքչյանն է:

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը առաջին անգամ ցուցադրել է նորածին որդուն: Նա լուսանկար է հրապարակել եւ գրել. «Այսուհետ նաև Զավենի մայրիկ»:

Արձակուրդի վերջին օրը՝ կիրակի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լայվ է մտել Սեւանի ափից, որտեղ նա ընտանիքի անդամների հետ ձիավարությամբ է զբաղվել։ «Այսօր մենք ընտանիքով ուզում ենք ժամանակն այսպես անցկացնել եւ ձեզ էլ խորհուրդ կտանք»,- ասել է Փաշինյանը` ցույց տալով ձիավարող ընտանիքի անդամներին:

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը զավեշտական տեսանյութ է պատրաստել, որում, մոնտաժի շնորհիվ ինքը հայտնվել է Ռուսաստանի նախագահի հետ նույն Aurus  մակնիշի մեքենայում: Ուրգանտի հարցերը հարմարեցրել են Պուտինի ակնարկներին, վերջում էլ հաղորդավարը հայտնում է, որ ընթացքի ժամանակ հեռուստակենտրոնի մոտ դուրս է ցատկելու:

Ռոբերտ Քոչարյանն էլ Սևանում հյուրընկալվել է «Հաղթանակած» նախաձեռնության հավաքին։ Երկրորդ նախագահը ճամբարականներին պատմել է Արցախյան պատերազմի ու հաղթ մասին, Հայաստանի ապագայի վերաբերյալ երիտասարդների հարցերին ի պատասխան ասել, որ եթե կորցնենք զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար շինծու արժեքները։

Երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՖԻԴԵ-ի նախագահին, մտահոգություն հայտնելով շախմատի օնլայն օլիմպիադայի ընթացքում երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում կապի խափանման պատճառով հայ շախմատիստները ժամանակի կորուստ են ունեցել, թիմին պարտություն է գրանցվել, նույն պահից խաղը շարունակելու մեր թիմի պահանջը մերժվել է, ինչից հետո մեր թիմը հրաժարվել է երկրորդ մրցամարտից եւ դուրս եկել մրցաշարից։ Մինչդեռ եզրափակիչում՝ Ռուսաստանից Հնդկաստանի պարտությունից հետո, հնդիկների բողոքը բավարարվել է եւ երկու թիմերին էլ ոսկե մեդալներ են շնորհվել։

Բելառուսում դրությունը չի հանդարտվում։ Կիրակի զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման համար պաշտոնական տվյալով՝ 633 մարդ է ձերբակալվել: Բելառուսի տարբեր բնակավայրերում 42 բողոքի ակցիա է անցկացվել: Մասնակիցների թիվը կազմել է մոտ 31 հազար: Չնայած ոստիկանների զգուշացումներին՝ բողոքի ակցիայի մասնակիցները խափանել են տրանսպորտի աշխատանքը: Գրոդնոյում ակտիվիստները շշեր, փայտեր եւ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը, հետեւաբար նաեւ ռազմական բախման հավանականությունը մեծանում է։ Աթենքի եւ Նիկոսիայի հետ Անկարայի հակամարտությունը Եվրոպական խորհրդի նիստի գլխավոր թեման է, որի ժամանակ Եվրամիությունը կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով ու հասել 488.12 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.18 դրամով  ու կազմել 577.25 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.45 դրամով  ու կազմել 643.54  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով  ու կազմել 6.42 դրամ:

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով: Երեւանում կլինի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ