News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Այսօր վաղ առավոտից Սյունիքում լարված էր։ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի կոչով առավոտյան ժամը 6-ից գորիսցիները որոշել էին փակել Երևան–Գորիս  ճանապարհը վարչապետի մուտքը մարզ թույլ չտալու համար, սակայն գիշերվանից իշխանությունները Երևանից ու մարզերի մեծ թվով, ըստ մամուլի շուրջ 2000 ոստիկան էին գործուղել Սյունիք, որոնք իրենք փակեցին ճանապարհը՝  թույլ չտալով, որ սյունեցիներն առաջ գան։ Քաղաքապետը իրադարձությունների վայրում չէր, պարզվեց նրան ապօրինի հավաք կազմակերպելու կասկածանքով գիշերը տնից ոստիկանները տարել են ու բերել Երևան՝ Քննչական կոմիտե։

Ինչ-որ պահի, երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ՝ վարչապետի ճանապարհը կտրելու համար, ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ ու հրմշտոց սկսվել։

Սպասվում էր, որ Փաշինյանը այցելելու է Սիսիան, Կապան, Գորիս և Մեղրի քաղաքներ՝ անվտանգության հետ կապված հարցերը քննարկելու համար, սակայն Փաշինյանը հանկարծ հայտնվեց Սառնակունք գյուղում, որտեղ դատելով կադրերից նրան արդեն սպասում էին՝ սեղան գցած։ Փաշինյանը սգո կենաց խմեց։ Տեղացիներից մեկը խնդրեց չեղարկել արագաչափի անարդար տուգանքը, վարչապետն էլ խոստացավ լուծել այդ հարցը։

Դրանից հետո Փաշինյանն այցելեց Սիսիան քաղաք, քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց զոհված զինծառայողների հիշատակին։ Ամբողջ ժամանակ նա տեղաշարժվում էր անվտանգության աշխատակիցների խիստ հսկողությամբ։ Ի դեպ, նրանց ձեռքին այս անգամ էլ զրահապատ անձրևանոցներ ու ճամպուկներ կային։ Սիսիանի եկեղեցում,  ուր Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ մտավ մոմ վառելու, սկանդալային միջադեպ  տեղի ունեցավ։ Եկեղեցու քահանան հրաժարվեց սեղմել Փաշինյանի մեկնած ձեռքը՝ ձեռքով վիրավորական ժեստ անելով։

Փաշինյանի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերած քահանայի նկատմամբ հաշվեհարդարի կոչ  հնչեցրեց Արսեն Ավագյան անունով օգտատերը, որը ինչպես պարզվեց, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակից է։ Նա կոչ արեց արել երթով շարժվել եկեղեցի եւ, նրա բառերով՝  դուրս շպրտել այդ հոգեւորականին եկեղեցուց։ Հանրային ու քաղաքական բազմաթիվ գործիչներ զգուշացրին ՝ չփորձել հայ հոգեւորականի վրա ձեռք բարձրացնել, պատիժը կլինի շատ խիստ, նաեւ հիշեցրել, որ հոգեւորականին ընդունված չէ ձեռքով ողջունելը։ Մարդկանց մեծ խմբեր շտապեցին եկեղեցի՝ քահանայի հանդեպ հաշվեհարդար թույլ չտալու նպատակով։

Քաղաքային պանթեոնից Փաշինյանը ոտքով գնաց քաղաքի հրապարակ՝ կրկին անվտանգության  մեծ թվով աշխատակիցներով շրջապատված։ Այս նա բարձրախոսով դիմեց հավաքվածներին։ Հայտարարեց, որ չեղարկում է այցը Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ՝ պատճառաբանելով, որ սգո օրերին չի ցանկանում սադրանքի ենթարկվել։

Ճանապարհը փակած սյունեցիները սա համարեցին իրենց հաղթանակաը, սակայն հայտարարեցին, որ ճանապարհը չեն բացելու, մինչև քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատ չարձակեն։ ժամը 19։00–ի դրությամբ ճանապարհը դեռ փակ էր, Առուշանյան էլ ՔԿ–ից դուրս չէր եկել։ Նրա փաստաբանի խոսքով՝ քննիչները փորձում են մի քանի գործեր միավորել, որպեսզի մեղադրանքը ծանր լինի և կարողանան կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան։  Նշենք, որ Քննչական կոմիտեի դիմաց  քաղաքապետին սատարելու համար հավաքվել էին հասարակական և քաղաքական գործիչներ։

Վարչապետի հրաժարականն օրեր առաջ պահանջած Երեւանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետներ հայտարարել են վաղը՝ դեկտեմբերի 22-ի, համազգային անհնազանդության միջոցառումներին մասնակցելու մտադրության մասին: Հայտարարությանը միացել է 13 ֆակուլտետ։ Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը վաղը հայտարարել է համազգային գործադուլ և դասադուլ, իսկ ժամը 12–ին հրավիրել է քաղաքացիներին Հանրապետության հրապարակ՝ շրջափակելու կառավարության շենքը։

Վերջին շրջանում հազվադեպ լավ լուրերից մեկը ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած 6 հայ ժամկետային զինծառայողների վերադարձն էր։ Նրանք  համարվում էին անհայտ կորած։ Զինծառայողները հայտնաբերվել են Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության, ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով: Ներդրած ջանքերի համար Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին։

Հայաստանում մահացել է 3310 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում մահացել է COVID-19-ով վարակված 28 մարդ, որոնցից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 24 ժամում գրանցվել է վարակվելու 240 նոր, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 154 հազարից։

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր տեսակի շուրջ իրավիճակը «դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից»: Ըստ նրա՝ նոր վարակիչ COVID-19-ը տարածվում է չափազանց արագ, ուստի կառավարությունը ստիպված է ձեռնարկել ուժեղացված միջոցառումներ, որոնք կարող են տեւել մի քանի ամիս։ 2 տասնյակ երկիր, այդ թվում` Եվրամիության անդամ 14 երկիր, որոշել է դադարեցնել կամ սահմանափակել տրանսպորտային կապերը Բրիտանիայի հետ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.57 դրամով ու կազմել  521.66 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.77 դրամով ու կազմել է 634.96 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 15.53 դրամով ու կազմել 689.43 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.15 դրամով ու կազմել  6.95 դրամ:

Դեկտեմբերի 22-ի ցերեկը Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է սպասվում, լեռներում՝ ձնաբուք,  ճանապարհներին՝ մերկասառույց։ Երեւանում եւս ցերեկը ձյուն կտեղա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը` +2 +4:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ