News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Առավոտյան Հայրենիքի փրկության շարժման կոչով քաղաքացիները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը, որպեսզի վարչապետին ու գործադիրի անդամներին թույլ չտան մտնել կառավարություն՝ ժամը 11-ին նախատեսված նիստին մասնակցելու։

Սակայն մինչև ցուցարարները կհավաքվեին, ոստիկաննությունն արդեն շրջափակել էր կառավարության բոլոր մուտքերը, իսկ Մելիք Ադամյան փողոցի, որտեղից մեքենաներով ելումուտ են անում նախարարները, փակել էին ամբողջությամբ։ Արդյունքում հենց այդ մուտքով ներս մտան կառավարության անդամներն ու վարչապետ Փաշինյանը։

Մինչ դուրս մեծ թվով քաղաքացիներ «Դավաճան, Նիկոլ» էին բղավում և պահանջում վարչապետի հրաժարականը, Փաշինյանն անվրդով անցկացնում էր կառավարության այս տարվա վերջին նիստը։ Ամբողջ նիստի ընթացքում որևէ բառ չհնչեց դրսում ծավալվող քաղաքացիական անհնազանդության ալիքի վերաբերյալ։

Վարչապետն ասաց, որ Սյունիքում տեղի է ունենում սահմանների տեղորոշում, ինչն ունի որոշակի նրբություններ ու բարդություններ, բայց իր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա ու այն անհրաժեշտ է Սյունիքի ու Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից։ Նա բառացիորեն ասաց, որ այժմ Սյունիքի ու Հայաստանի անվտանգության նոր համակարգ է ձեւավորվում:

Փաշինյանը խոսեց նաեւ զոհված զինվորների մարմինները ծնողներին հանձնելու գործընթացի մասին, նշեց՝ եղել են դեպքեր, երբ զոհվածների մարմինների նույնականացումն այնքան էլ ճշգրիտ չի իրականացվել։

Կառավարությունը հաստատեց՝ ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին։

Կառավարությունն առաջարկում է փոխել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվող վճարները։

Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում սահմանվում է 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազարի դեպքում՝ 3000 դրամ։ Եվ այդպես սանդղակով հասնում ենք մինչև 15 հազար դրամի, որը կվճարեն նրանք, ում եկամուտը, օրինակ, 1 մլն դրամը գերազանցում է։

Նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում:

Դրսում իրավիճակը կտրուկ լարվեց նիստից անմիջապես հետո, երբ ոստիկանները քաշքշելով ու հրելով փորձեցին բացել ճանապարհը, որպեսզի վարչապետի ու կառավարության անդամների մեքենաները դուրս գան կառավարության շենքից։ Քաղաքացիները դիմադրեցին, նրանցից շատերը  բերման ենթարկվեցին։

Բերման ենթարկվածների թվում են Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 69 ցուցարար։

Կառավարության շարասյունը դուրս եկավ՝ քաշքշուկի եւ «Նիկոլ դավաճան» գոռացող բազմության միջով։ Վրդովված քաղաքացիները ձնագնդիներով խփում էին գործադիրի անդամների ավտոմեքենաներին։

Ավելի ուշ ցուցարարները նաեւ ձվեր նետեցին կառավարության շենքի պատուհաններին։

Ոստիկանության գործողությունների թիրախում այսօր կարծես թե հիմնականում կանայք էին։ Անհամաչափ գործողությունների հետեւանքով մեկ կին ուշագնաց եղավ, իսկ մի տարեց կին՝ ուժեղ հարված ստացավ գլխին։ 

Նիստից հետո ցուցարարները երթով գնացին դատախազութույն , որտեղ կրկին պահանջեցին գլխավոր դատախազից քրեական գործ հարուցել ու ձերբակալել Փաշինյանին: Հանրապետության հրապարակում ակցիան ավարտվեց, նստացույցը շարունակվում է, վրանները տեղադրված են:

Ավելի ուշ քաղաքում անհնազանդության նոր ալիք բարձրացավ։ Քաղաքացիները Բաղրամյան պողոտան, Տիգրան Մեծը, Ամիրյան փողոցը՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։ Այստեղ նույնպես ոստիկանություն ուժ գործադրեց՝ փողոցները բացելու համար, բերման ենթարկվեց մի քանի տասնյակ մարդ։ Դաշնակցական ակտիվիստներից մեկը դեմքի շրջանում վնասվածք ստացավ։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնանկություններն ու նոր նշանակումները։ Նրա  որոշմամբ՝ Արման Պողոսյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է պատերազմի առաջին օրերին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանը։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Կարո Ավանեսյանը նշանակվել է Սյունիքի փոխմարզպետ:

Սյունքում շարունակվում են ցավոտ սահմանազատումները։ Ադրբեջացնիներն այսօր գնացել են Շուռնուխ, GPS-ով չափումներ են արել ու հեռացել։ Գյուղապետ Հակոբ Արշակյանը NEWS.am-ին հայտնել է, որ ադրբեջանցիները չափումներն արել են մայրուղում, ինչից կարելի է ենթադրել, որ գյուղի մի մասը՝ 12 տներով անցնելու է ադրբեջանական կողմին։

Առաջին ձյունը կաթվածահար է արել Երևանի երթևեկությունը։ Առավոտյան նաև ճանապարհնեին մերկասառույց էր։ Քաղաքապետարանը պնդում է, որ ձնամաքրող բոլոր մեքենաներն այսօր աշխատել են։ Այնուամենայնիվ, օրվա ընթացքում մարդիկ ժամերով խցանումների մեջ են մնացել, հասարակական տրանսպորտը նորմալ չի աշխատել, իսկ տաքսիստներն առիթից օգտվելով կրկնակի բարձրացրել են սակագները։

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում չարաշահումների և փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել մշակույթի և երիտասարդության նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն գործի շրջանակում Իսրայելում ՀՀ նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Առուշանյանը լրագրողներին ասել է, որ հարուցված քրեական գործերը շինծու են, ուստի արդարությունը հաղթել է։

Վերաքննիչն էլ բեկանել է առաջին ատյանի վճիռը` հաստատելով Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի, ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հիշեցրել է, որ Մինասյանի ձերբակալման իրավաչափության իր բողոքը առաջին ատյանում մերժվել էր և այդ որոշման դեմ ինքը ներկայացրել էր վերաքննիչ բողոք:

Հայաստանում COVID-19-ով վարակվածների շրջանում մահերի թիվը հասել է 3377-ի։  Անցած մեկ օրում մահացել է 26 վարակված, որոնցից 3-ը՝ այլ հիվանդությունից։ Կորոնավիրուսով վարակվել է եւս 702 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156142 դեպքի:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.27 դրամով ու կազմել  522.48 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.18 դրամով ու հասել կազմել է 636.96 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 9.93 դրամով ու հասել 710.47 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու կազմել է 6.99 դրամ:

Դեկտեմբերի 25-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում եւս տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում սպասվում է -7-ից -9, վաղը ցերեկը -1-ից -3 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ