Վարշավայի բժշկական համալսարանը կտուգանվի նվազագույնը 250 հազար զլոտիով (70 հազար դոլար) հայտնիներին եւ քաղաքական գործիչներին արտահերթ կորոնովիրուսի դեմ պատվաստելու պատճառով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ «դրանք կանխամտածված գործողություններ էին»: «Այդ անձինք սխալ են հայտավորվել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նրանք գրանցվել են որպես բժիշկներ, որոնց առաջին հերթին են պատվաստում:
«Ստուգումների միայն առաջին օրը հայտնաբերված խախտումները հիմք են տուգանելու համար 250 հազար զլոտին (70 հազար դոլար) անցնող գումարով»,- նշել է նախարարը: «Սա վարշավայի համալսարանի համար նվազագույն պատիժն է Պատվաստման ազգային ծրագրի նորմերի խախտման պատճառով»,- նշել է Նեձելսկին: Նա շեշտել է, որ պատժի ծավալը կարող է փոփոխվել ֆինանսավորման կրճատման հաշվին:
Լեհաստանում հայտնիների եւ քաղաքական գործիչների արտահերթ պատվաստման շուրջ սկանդալը բռնկվել է հունվարի առաջին օրերին: Պատվաստումներ են կատարել, մասնավորապես, եվրապատգամավոր Լեշեկ Միլերին եւ հայտնի դերասանուհի Քրիստինա Յանդեին: Դրան մասնակցածներն իրենց գործողությունները բացատրել են այն հանգամանքով, որ իրենց առաջարկել են պատվաստանյութի ավելցուկային դեղաչափեր, որոնք կկորեին նրանց մերժման դեպքում: