News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները նախօրեին Քարինտակ գյուղում հայտնաբերել են զոհված քաղաքացիական անձի աճյուն։

58-ամյա Ալվարդ Թովմասյանի մարմինը գտնվել է տան բակում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Մինչեւ օրս հայտնաբերված զոհված զինծառայող եւ քաղաքացիական անձանց թիվը 1230 է: Որոնումները կվերսկսվեն վաղը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է պատերազմում զոհված կամավորական Հակոբ Հարությունյանի հուղարկավորությանը, և հենց նրա հարազատներին հանձնել  Հակոբին հետմահու շնորհված «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը։

«Հակոբը թողնելով Մոսկվան՝ անդամագրվել է կամավորական շարժմանը, սկսել է Եղնիկներում, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների, բայց երբ Շուշին վտանգված էր, երբ պետք էր Շուշին պաշտպանել իր մարտական ընկերների հետ խնդրել է իր հրամանատարությանը, եւ բավականին երկար ծանր մարտեր մղել Շուշիի մատույցներում։ Ասում են՝ Շուշին հանձնել են,  ոչ, Շուշին չեն հանձնել, Շուշին Հակոբի նման տղաների արյան գնով պաշտպանել ենք մինչեւ վերջին հնարավորություն»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արտահերթ ընտրությունների թեմայով խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ, վերլուծաբանների բնորոշմամբ՝ մարդ-կուսակցությունների հետ: Փաշինյանն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Ըստ կառավարության հաղորդագրության՝ օրակարգում հայ գերիների հետ վերադարձի, արտահերթ ընտրությունների ու տնտեսության զարգացման հարցերն էին:

Երեկոյան Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է նաեւ վարչապետի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։

«Իմ քայլը» խմբակցության առաջադրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպում են անցկացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները։ Հանդիպման ավարտին խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասել է, որ իրենց բոլոր հարցերին տրվել են սպառիչ եւ անկեղծ պատասխաններ, ինչից շատերը հանգել են հետեւության, որ ԼՀԿ-ն կպաշտպանի կամ դեմ չի քվեարկի Ջհանգիրյանի թեկնածությանը։

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր տեղեկացրել է, որ պատգամավորներն ու աշխատակազմը 2020 թ. սեպտեմբերին եւս ստացել են պարգեւատրում՝ ամսական պաշտոնային դրույքի 75 տոկոսի չափով:

Փաստորեն, COVID-19 համավարակի, տնտեսական անկման եւ խորացող սոցիալական ճգնաժամի պայմաններում, ինչպես նաեւ պատերազմական առաջին օրերին ԱԺ 131 պատգամավորներն ու աշխատակզմը նախորդ տարվա սեպտեմբերին ստացել են 192 միլիոն դրամի կամ մոտ 400.000 դոլարի պարգեւատրում:

Իսկ Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ:

Վաղը Շարժման ներկայացուցիչները Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում ժամը 18-ին հանդիպում են կազմակերպել Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։

Պաշտպանության նախարարության դարպասներին հարվածելու համար՝ անհետ կորած զինծառայողի հորը մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Անհետ կորածի հայրը մեղադրվում է խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու համար։ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Դավիթ Սանասարյանն ազատման դիմում է գրել ՊՎԾ ղեկավարի պաշտոնից։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է, որ շուրջ երկու տարի է, ինչ, իր խոսքով՝ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված է որպես ՊՎԾ ղեկավար ծառայելու հնարավորությունից։ «Ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս։ Ուստի այսօր դիմում եմ ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որ ինձ ազատի ՊՎԾ ղեկավարի պաշտոնից», գրել է նա։ Սանասարյանը նշել է, որ համախոհների հետ նախաձեռնում է նոր քաղաքական գործընթաց և շուտով կներկայացնի ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման իրենց բանաձևերը։

Կառավարությունը հավանություն է տվել դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ներդրվում է երկու մասնագիտացում՝ մինչդատական վարույթները վերահսկող դատավորների եւ կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորների ինստիտուտները: Նախատեսվում է դատավորների թվի ավելացում՝ 21 հաստիք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում եւ 3 հաստիք վերաքննիչ քրեական դատարանում:

Ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը դուրս է եկել համակարգից եւ միացել վարչապետի հրաժարականի, իր խոսքով՝ արդարացի պահանջին: Նա հայտարարություն է տարածել, որտեղ համոզմունք է հայտնել, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է:

Սեփական դատավարությանը ժամանած նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով պատերազմում պարտության պատճառին, բառացիորեն ասել է՝ Նիկոլի խելքն այդքան էր հասնում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Երանոսյանը չի մեկնաբանել, նշելով, որ դա թող քաղաքական գործիչներն անեն։ Լրագրողի դիտարկմանը, որ նա նշում է՝ հաղթած բանակ ենք, սակայն կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրվեց՝ Երանոսյանն ասել է, որ դրա պատասխանը պետք է Փաշինյանը տա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն դժգոհել է Իլհամ Ալիեւի պահվածքից։ Twitter-ի իր էջում Քավանոն վերջին եռակողմ հանդիպման դրական կողմ է մատնանշել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով աշխատելու Պուտինի կամքը: «Տագնապալին էլ այն էր, որ Ալիեւն իրեն այնպես էր պահում, ասես հակամարտությունը լուծված է, մինչդեռ առանցքային խնդիրները մնում են չլուծված: Համապարփակ կարգավորում է պետք՝ կայուն խաղաղության եւ բարգավաճման հիմք ստեղծելու համար»,- նշել է ամերիկացի դիվանագետը:

Անցած մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 448 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 163576 է, բուժվածներինը՝ 151849: Մահացել է 18 վարակակիր, որոնցից 6-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 3684-ի։ Ի դեպ, Չինաստանում, որտեղից սկսվել էր COVID-19-ի տարածումը, վերջին 8 ամսում առաջին վարակվածն է մահացել։

Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք, վարակը հաստատվել է 2031 անձի համար: Մինչև հիմա մահացել է 31 մարդ, որոնցից 29-ի մահը գրանցվել է հոկտեմբեր-նոյեմբերին, 2 վարակված մահացել է ուղեկցող այլ հիվանդությունից:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.44 դրամով ու կազմել 525.45 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.01 դրամով ու կազմել 639.32 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.86 դրամով ու կազմել 717.40 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու հասել 7.16 դրամի:

Հունվարի 15-ին Հայաստանում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևանում եւս տեղումներ են սպասվում։ Մայրաքաղաքում գիշերը կլինի 1-ից 3, վաղը ցերեկը 5-7 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ