News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրին դատախազների բացարկի մասին մի շարք միջնորդություններ:

Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, միջնորդությունները ներկայացվելու են միասին: Սակայն, հաշվի առնելով, որ դրանցից մեկը վերաբերում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բացարկին, դատավորը հիշեցրեց միջնորդությունը հրապարակելիս եւ քննարկելիս նրա ներկա լինելու իրավունքի մասին: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ մասնակցող դատախազները կարող են հրապարակել մեղադրանքի դիրքորոշումը, եւ հրաժարվեց Դավթյանի ներկայությունն ապահովելու համար առաջարկված ընդմիջումից:

Առաջինը փաստաբան Հայկ Ալումյանը հրապարակեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը: Նրա խոսքով՝ դատախազի մասնակցությունն անթույլատրելի է մի հանգամանքի պատճառով: Մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 30-ին Փաշինյանը խորհրդակցության էր հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին, այդ թվում՝ Դավթյանին: Խորհրդակցության ժամանակ նա, ի թիվս այլոց, խոսել էր նոյեմբերի լույս 10-ի իրադարձությունների մասին (Ալումյանը հատված ընթերցեց պաշտոնական հաղորդագրությունից), երբ տեղի ունեցան անկարգությունները եւ որոշ մարդիկ հարձակում կատարեցին խոսնակի վրա:

«Այսինքն՝ Փաշինյանի եւ Դավթյանի հարաբերություններն այնպիսին են, որ Փաշինյանը կարող է Դավթյանին իր մոտ հրավիրել եւ նրա հետ քննարկել կոնկրետ գործերի քննության ընթացքը: Նման հարաբերությունները ուղղակիորեն հակասում են հայրենական օրենսդրության նորմերի մի շարք դրույթներին եւ դատախազների ինքնուրույնությանը»,- շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ նման փաստը լուրջ կասկածի տակ է դնում դատախազի ինքնուրույնությունն ու անկախությունը: Ալումյանը հիշեցրեց, որ Փաշինյանը կողմ է, քանի որ երկու գործերն էլ, ինչպես Փաշինյանի, այնպես էլ Քոչարյանի առնչությամբ, տարբեր ժամանակներում 2008-ի մարտի 1-ի դեպքերի գործի մասերն են՝ բաժանված առանձին վարույթների: Ալումյանը հիշեցրեց, որ ժամանակին Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման`2008 թվականի փետրվարյան ընտրություններից հետո անհնազանդության եւ բռնի գործողությունների կոչ անելու, կեղծ տեղեկություններ տարածելու համար, ընդ որում՝ ակցիայի մասնակիցներին բաժանվել էին առարկաներ (սառը զենք եւ հրազեն, դյուրավառ խառնուրդ, մահակներ, արմատուրա եւ այլն) ուժային լուծման համար: Նախապատրաստվել էին հատուկ գրոհային խմբեր: Փաստաբանն ընթերցեց գործից հատված, որում նկարագրվում էին այդ դեպքերը:

Փետրվարի 29-ին իրավապահները տեղեկություններ էին ստացել հրազենի եւ այլ զենքի կիրառմամբ խոշոր սադրանքի նախապատրաստման մասին: Օպերատիվ տեղեկությունները ստուգելու համար մարտի 1-ի առավոտյան ձեռնարկվել էին համապատասխան քայլեր: Փաշինյանն ու իր հանցակիցները իմացել էին այս մասին, արթնացրել եւ հրամայել էին իրավապահներին «համապատասխան» հակահարված տալ: Երբ նրանք փորձել էին ստուգել վրանները, նրանց վրա հարձակվել էին, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 34 ոստիկաններ, այդ թվում ծանր: Հայտնաբերվել էին ՏՏ եւ «Աստրա» ատրճանակներ, մեծ քանակությամբ նռնակներ:

Այնուհետեւ ցուցարարները՝ Փաշինյանի եւ մյուսների գլխավորությամբ, տեղափոխվել էին Ֆրանսիայի եւ ՌԴ դեսպանատների շրջան: Փակել էին Գրիգոր Լուսավորչի փողոցը: Հարձակում էր կատարվել ոստիկանական մեքենայի վրա: Ակցիայի կազմակերպիչները հրաժարվել էին ցույցը տեղափոխել այլ վայր եւ անընդհատ ոստիկանների նկատմամբ բռնության կոչեր էին արել: Փաշինյանի եւ այլոց անմիջական ղեկավարմամբ բարիկադներ էին ստեղծվել: Երեխայի ենթադրյալ սպանության մասին կեղծ տեղեկություններ էին տարածում: Մի վկա, շրջված աղբատարի թափքում աղբի մեջ գտնելով մանկական կոշիկ, լուրերի ազդեցության տակ, սկսել էր պնդել, որ դա սպանված երեխայի կոշիկ է: Ակցիայի մասնակիցներին բաժանվել էին դյուրավառ խառնուրդով շշեր:

Նրանց ղեկավարել է Փաշինյանը, վերատեղակայել, կոնկրետ ցուցումներ տվել բարիկադների կառուցման վերաբերյալ եւ հանձնարարել քարեր հավաքել ոստիկանների վրա հարձակվելու համար: Հենց Փաշինյանն է ոստիկաններին կոչ արել չկատարել իրենց պարտականությունները, անցնել ցուցարարների կողմը եւ զենքերն ուղղել իշխանությունների դեմ: Ցուցարարներին պահելու համար հայտնել է, թե գործընթացը «վերահսկվում է», իսկ ուժայինները «փախել» են: Լինելով կատարվածի էպիկենտրոնում՝ Փաշինյանն անընդհատ տեղեկություններ է փոխանակել մյուս կազմակերպիչների հետ:

Արդյունքում տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ, 10 մարդ զոհվել էր, վիրավորվել՝ 187 ոստիկան ու 32 քաղաքացիական անձ: Այրվել էր 70 միլիոնի տրանսպորտային միջոց: Ոստիկանությանը, իրավաբանական անձանց եւ քաղաքին պատճառվել էր ահռելի վնաս: Անկարգությունները հաջողվել էր դադարեցնել միայն արտակարգ դրության ռեժիմ մտցնելով: Դատավարության ժամանակ Փաշինյանը փորձել էր հերքել՝ պնդելով, որ տեղի ունեցածը զանգվածային անկարգություններ չէին, որոնց կազմակերպիչներից մեկն էլ ինքն էր, որ հանրահավաքները խաղաղ բնույթ են կրել, զենք չի եղել, իսկ նրանց գտածը սադրիչներն էին նետել: Նրա խոսքով՝ ընդդիմության առաջնորդները գաղափար չունեին պատրաստվող անկարգությունների մասին:

Ընդդիմության գործողությունները Փաշինյանը որակել է որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն: Նա կողոպուտները բացատրել է իշխանամետ պաշտոնյաների գործողություններով: Փաշինյանը պնդել է, որ զանգվածային անկարգությունները դադարել են, քանի որ Տեր-Պետրոսյանն է նման կոչ արել:

Ինչպես նշեց Հայկ Ալումյանը, հետագայում Փաշինյանը հավատարիմ է մնացել նույն տեսակետներին, եւ դրանք տարօրինակ կերպով համընկնում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ: Փաստաբանը հիշեցրեց ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցությունների հայտնի ձայնագրությունը, որում քննարկվում էր Խաչատուրովի եւ Քոչարյանի ձերբակալության հարցը: Փաստաբանը հիշեցրեց հենց Փաշինյանի սպառնալից հայտարարությունները՝ ուղղված դատավորներին, Քոչարյանին ազատելու մասին դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումից 4 օր անց: Ավելի ուշ դատավորների դեմ նմանատիպ հայտարարությունները քանիցս կրկնվել են:

Եվ նույնիսկ Ֆրանսիա այցի ժամանակ Փաշինյանին հաջողվեց հայտարարություն անել Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ նրան ուղղակիորեն մեղադրելով մարդկանց սպանության մեջ: Փաշինյանը դատավոր Գրիգորյանի որոշումը «նշանավորեց»  երկրի բոլոր դատարանների շրջափակմամբ: Այս գործողության մեջ առավելագույն ակտիվություն դրսեւորեցին իշխանական պատգամավորները: Ընդ որում՝ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ ուղղակիորեն ասում էին, որ այն, ինչ տեղի է ունենում, կապված է Քոչարյանի գործով որոշման հետ: Դրան հաջորդեց Սահմանադրական դատարանի եւ անձամբ դրա նախագահ Հրայր Թովմասյանի վրա աննախադեպ ճնշումը, ապօրինի գործողությունների եւ կոռուպցիայի մեղադրանքները:

«Նշվածը ոչ երկիմաստորեն ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված է: Նա չի թաքցնում իր շահագրգռությունը: Նա իր ազդեցությունն օգտագործում է իր ուզած արդյունքն ապահովելու համար: Նա ոչ միայն դե յուրե կողմ է, այլ իր հայտարարություններով եւ գործողություններով քննությանը միջամտելով՝ իրեն դրսեւորում է որպես կողմ: Այն փաստը, որ գլխավոր դատախազն իրեն կախված վիճակի մեջ է դնում, բացառում է նրա մասնակցությունը դատավարությանը»,- հայտարարեց փաստաբանը՝ միջնորդելով Արթուր Դավթյանին բացառել դատավարության մասնակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ