News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Օրվա թեմաները. Մեսրոպ Առաքելյան, Լիլիթ Մակունց, Մենուա Հովսեփյան, Միքայել Համբարձումյան, Մանվել Փարամազյան, Ռոբերտ Քոչարյան, Հրանտ Բագրատյան։ Նախարարի հրաժարականը,  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պարզաբանումները, 2-րդ նախագահի  մեկնաբանությունները, նախկին վարչապետի ահազանգը, ԱԱԾ նախկին ղեկավարի զգուշացումը, ԵՊՀ ռեկտորի ԺՊ հրաժարականը, կորոնավիրուսի վիճակագրություն։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Փաշինյանը հանդիպման ընթացքում բարձրացրել է հայ գերիների վերադարձի հարցը «Ցանկանում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարեւոր կետը…ռազմագերիների վերադարձին վերաբերող կետ»,-ասել է Փաշինյանը:

Մայիսի 5-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Մայիսի 10-ին և 11-ին էլ Լավրովը կլինի Բաքվում։

Նախատեսվում են բանակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ: Շփումների ընթացքում նախատեսվում է մանրակրկիտ քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Առաջնահերթ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների գործնական իրականացմանը:

Երևանում անհայտ անձինք պղծել են Հնդկաստանի անկախության պայքարի առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը։ «Երևանի այլընտրանքային քաղաքապետարանի» թիմը հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ օրեր առաջ խորհրդանշական ակցիա է իրականացրել, և պայքարելու է հայատյաց գործչի արձանը մեր մայրաքաղաքից հեռացնելու համար։

Կառավարությունը հավանություն է տվել արտադրական կանեփի արտադրությանը, ներմուծմանը, արտահանմանն ու վաճառքին։ Նշվում է, որ նպատակը գյուղատնտեսական զարգացումն է, մինչդեռ որոշ հանրային գործիչների կարծիքով՝ այն կարող է օգտագործվել որպես թմրանյութ եւ այլասերել հասարակությանը։ Գործադիրի նիստում վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաեւ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու անբավարար ծավալների մասին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրում պատվաստումների դեմ շարժումներ են սկսվել անհասկանալի նպատակով:

Փաշինյանը նաեւ անդրադարձել է գերիների խնդրին, նշել, որ Ադրբեջանն իր պարտավորությունը չի կատարում, և այդ փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց։ Նա կարեւոր է համարել  Եվրամիության հայտարարությունը, այն հասցեական արձանագրում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարվածներին։

Աջակիցների հետ հանդիպմանը գերիների թեմային անդրադարձել է նաեւ Հանրապետության երկրորդ նախագահը։  Նա պատմել է Արցախյան առաջին պատերազմի իր փորձից, նշել, որ գերիներին երկար պահելը դժվար է, մշտական ճնշման տակ է հայտնվում երկիրը: «Պետք է այնպիսի մի արշավ սկսել, որ Ադրբեջանի նյարդերը չդիմանան եւ արագ հետ տան: Իմ տպավորությունն այն է, որ պահում են նրանց դիմաց ինչ-որ բան են ստանալու ակնկալիքով»,- ասել է Քոչարյանը:  44-օրյա պատերազմում, ըստ նախկին նախագահի, չպետք է պարտվեինք: «Պետությունը լիարժեք իր վրա չվերցրեց այդ պատերազմի կառավարումը։ Ոչ մի բանակ չի կարող մեկ շաբաթից ավելի պատերազմել։ Առաջին մեծ հարվածը բանակն իր վրա ընդունեց, բայց հետո պետք է ուրիշ պրոցեսներ սկսվեին՝ պետության, թիկունքի աշխատանք, բանակի համալրում, ընդհանուր մոբիլիզացիա, մոբ ռեսուրսի ճիշտ կառավարում... Սա ուղղակի չեղավ»,- ասել է նա։ Գլխավոր շտաբի հայտարարությունից տպավորություն ունի, որ գեներալները շատ ասելիք ունեն։ Նաեւ տպավորություն է ստացել, որ սա պլանավորած պարտություն էր։ Ռոբերտ Քոչարյանը  շեշտել է, որ երկրի հիմնական խնդիրը կառավարման ճգնաժամն է:

Նախկին նախագահը վստահություն ունի, որ բանակցային ճանապարհով կարող ենք վերադարձնել Շուշին ու Հադրութը։

Նախորդ իշխանությունները կարող էին իրենց գումարներով Շուշիից Հադրութ թունելներ գցեին, լրագրողների հետ զրույցում  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսպես է արձագանքել դիտարկմանը, որ այժմ հնչում են հայտարարություններ, թե մենք բանակ չենք ունեցել։ Պատերազմը վաղաժամ կանգնեցելու հարցում Հայաստանում կոնսենսուսի բացակայության մասին Արցախի նախագահի վերջին մեկնաբանության վերաբերյալ հարցին, Միքայելյանն արձագանքել է՝ թող իր հայտարարությունների համար պատասխան տա: Սյունիքի դեպքերը նա խուլիգանություն է որակել, լրագրողներին դիտողություն արել։

Էկոնոմիկայի նախարարությունը կրճատել է գյուղատնտեսության մարզային բաժինների 69 հաստիք. Կրճատված  աշխատակիցները ցույցի էին հավաքվել կառավարության դիմաց, լրագրողներին հայտարարել, որ այդ քայլը մեծ հարված է գյուղատնտեսությանը:

Ըստ նրանց՝  նախարարության բացակայության պայմաններում, հիմա գյուղացին առհասարակ կմնա մենակ: Միտումը  թուրքական ապրանքներ բերելն է:

Օպտիմալացված գյուղատնտեսները կառավարության նիստից հետո բռնացրել են նախարար Վահան Քերոբյանին, որն ասել է, թե փոխարենը այլ աշխատատեղեր է ստեղծելու, իսկ ցուցարարներն ասել են, որ գյուղում աշխատատեղը գյուղապետարանում է, մանկապարտեզում ու դպրոցում։

Ցուցարարներին նաեւ զայրացրել է նախարարի բնորոշումը վերջին պատերազմում զոհվածների մասին։

Վարչական դատարանում  մեկնարկել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Հանրապետության նախագահի դատավարությունը։ Գեներալի ներկայացուցիչը նշել է, որ նրան ազատելու ամսին հապճեպ որոշումը կայացնելիս նախագահը չի ապահովել անաչառություն, որ նրան ազատել են Իսկանդերի կրակոցի մասին վարչապետի ասածի վրա ծիծաղելու համար, մինչդեռ Խաչատրյանից բացատրություն չեն լսել։ Որպես երրորդ կողմ ներգրավված վարչապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահի դերը սիմվոլիկ է։ Դատարանը որոշել է որպես երրորդ անձ ներգրավել նաեւ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։ Նիստը հետաձգվել է։

Դաշնակցական մի խումբ գործիչներ Երեւանի քննչական վարչությունում հարցաքննվելու են կասկածյալի կարգավիճակով։ Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այն գործի շրջանակում, երբ ապրիլի 22-ին դատախազության առաջ հավաքված հազարավոր ցուցարարների հանդեպ ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք, այն դեպքում, երբ «Հեղափոխության պահապանների» մի քանի անդամներ հավաքվում են այնտեղ, դատախազը պատիվ էր անում, իջնում ու բացատրություն էր տալիս։ Այս դեպքում խոսքը հերոսական սյունեցի ժողովրդի ներկայացուցչներին բռնի բերման ենթարկելու մասին էր։

Դատարանը բավարարել է 2020 թվականի դեկտեմբերին 28-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանների անհամաչափ գործողությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ ՊՊԾ պետի կողմից քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու ՀՔԾ որոշման դեմ դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանի բողոքը։

Հիշեցնենք, որ այդ օրը պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը բռունցքներով հարվածներ էր հասցրել ցուցարարներից մեկին, երկուստեղ հայհոյանքներ էին հնչել:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին ու նրա ամուսնուն ԱԱԾ են կանչել «Ապօրինի  զենք, ռազմամթերք, պայթուցիկ ձեռք բերելու, պահելու, պետական գործչի սպանության նախապատրաստելու» գործի շրջանակում։ Լարիսա Ալավերդյանը NEWS.am-ին ասել է, որ իրենց որպես վկա են կանչել։ Նա ենթադրում  է, որ այդ գործը կապ ունի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքի հետ։ Նրա ամուսինը վերջին պատերազմում եղել է Մինասյանի ջոկատում։ «Կարծում եմ՝ քաղաքական մոտիվացիայով են հարցաքննության կանչել, անհեթեթություն է սա»,– նշել է նա։

Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի եւ բլիթի» խաղ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի  Պեսկովը: «Կարծում եմ՝ դա հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու ցանկություն չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության եւ Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 656 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 215528-ի: Մեկ օրում մահացել է 20 վարակակիր, նրանցից 4-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 5100 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.82 դրամով, կազմել է 520.63 դրամ: Եվրոյի փոխարժեքն  աճել է 3.75 դրամով ու հասել 630.95 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.59 դրամով ու հասել  725.55 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու կազմել 7.01 դրամ:

Ապրիլի 30-ին  հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում եւս նույն ժամերին կարճատև անձրև կտեղա։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 14-ից 16, վաղը ցերեկը 26-ից 28 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ