Մոսկվայում տեղի ունեցող Չայկովսկու անվան 14-րդ միջազգային երաժշտական մրցույթում դիրիժոր Մարկ Գորենշտեյնը նվաստացրել է հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին:
Հունիսի 25-ին թավջութակահարների փորձի ժամանակ Նարեկ Հախնազարյանի ելույթի պահին Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում է այդ «տաղանդավոր» տղան, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Այս արտահայտությունը վիրավորել է փորձին ներկա լրագրողներին, որոնց շնորհիվ այս պատմությունը մեծ արձագանք է ստացել: Բացի այդ, այդ պահին փորձը ձայնագրվել եւ ուղիղ եթերով հեռարձակվել աշխարհով մեկ:
Չայկովսկու անվան մրցույթի կազմկոմիտեն «վիրավորական» է համարել Մարկ Գորենշտեյնի արտահայտությունները` Հախնազարյանի հասցեին եւ այդ առնչությամբ հայտարարություն տարածել:
«Մենք կարծում ենք, որ մարդու արժանապատվությունը նսեմացնող բառերը քայքայում են ստեղծագործական մթնոլորտը, որի ձևավորման համար մենք մեծ ջանքեր ենք գործադրում: Չայկովսկու մրցույթը կոչված է աջակցություն ցուցաբերել երիտասարդ երաժիշտներին, ու դա մրցույթի կազմակերպիչներից ու մասնակիցներից յուրաքանչյուրին պարտավորեցնում է անկեղծ հարգանք և ուշադրություն ցուցաբերել տաղանդավոր երիտասարդությանը»,-ասված է հայտարարությունում:
Երաժշտական շրջանակներում գերիշխում է այն կարծիքը, որ Գորենշտեյնը ցանկանում է ամեն կերպ խոչընդոտել այնպիսի պայմանների ստեղծումը, որը Հախնազարյանին հնարավորություն կընձեռի հաջող ելույթ ունենալ Չայկովսկու անվան մրցույթի եզրափակիչ փուլում:
Ինքը` Գորենշտեյնը միջադեպից հետո ներողություն է խնդրել իր արարքի համար: «Կցանկանայի բացատրել իր տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ դա եղել է խոսակցություն կոլեկտիվի ներսում: Երկրորդ, ես ձեզ վստահեցնում եմ, որ չեմ ցանկացել որեւէ ազգայնական երանգ հաղորդել խոսքիս, քանի որ դա խորթ է թե իմ էությանը, թե մեր կոլեկտիվին: Ես շատ եմ ցավում տեղի ունեցածի համար եւ ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, որոնց իմ խոսքերը կարող էին խոցել»,- «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին ասել է Գորենշտեյնը:
Նարեկ Հախնազարյանն իր հերթին նշել է, որ ընդուել է ներողությունը եւ հիմա ինքը մտածում է միայն մրցույթի մասին:




























