Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի հաղթող է դարձել հայաստանցի Նարեկ Հախնազարյանը` «Թավջութակ» մասնագիտությամբ: Նա ստացել է ոսկե մեդալ եւ 20 հազար եվրո: Նարեկն արժանացել է նաեւ «հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Երկրորդ տեղն զբաղեցրել է Էդգար Մորոն` Ֆրանսիայից, երրորդ տեղը` Իվան Կարիզնան Բելառուսից` համապատասխանաբար 15 հազար եւ 10 հազար եվրո մրցանակով: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am, հունիսի 25-ին թավջութակահարների փորձերի ժամանակ սկանդալային միջադեպ էր տեղի ունեցել: Նարեկ Հախնազարյանի ելույթի պահին Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում է այդ «տաղանդավոր» տղան, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»:

Այս արտահայտությունը վիրավորել է փորձին ներկա լրագրողներին, որոնց շնորհիվ այս պատմությունը մեծ արձագանք է ստացել: Արդյունքում Գորենշտեյնը ներողություն էր խնդրել իր արարքի համար: