News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

Դուբայում անցկացվող InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում Դուբայի Օպերայում սեպտեմբերի 5-ին կհնչի նաեւ Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: Այն կկատարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

«Սա մեծ երևույթ է մեր նվագախմբի համար պանդեմիայից հետո այսպիսի մեծ ծրագրով հանդես գալու համար։

Հունիսին նվագախումբը հասցրել էր հանդես գալ Դուբայում և ուրախ ենք, որ արդեն Դուբայի օպերայում ներկայցնել նվագախմբի համար այս կարևոր ծրագիրը։

Մեր տեղկություններով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն առաջին անգամ է հնչելու Դուբայի օպերայում և ԱՄԷ-ում։

Նվագախումբը սպասված հյուր է այստեղ և ուրախ եմ, որ համերգներն անցնում են լեցուն դահլիճներում, թեև կան սահմանափակումներ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

Սա InClassica փառատոնին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին մասնակցությունը չէ: 2018 թ. նվագախումբը մասնակցել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին և դաշնակահարների մրցույթին։ Այս տարի նույնպես «Classic Piano» երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթի 3-րդ և 4-րդ փուլերի մասնակիցները հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

«Կարելի է ասել, որ սա երկրորդ համագործակցությունն է, երբ հանդես ենք գալիս մրցույթում որպես պաշտոնական նվագախումբ, իսկ եվրոպական հիմնադրամը նվագախմբի կարևոր գործընկերներից  ու աջակիցներից է։ Ուրախ ենք այս համագործակցության համար, ուրախ ենք, որ այստեղ ենք և կարող ենք ներկայացնել հայ կատարողական արվեստը: Այս փառատոնն իսկապես աննախադեպ երևույթ է ամբողջ աշխարհում  տեղի ունեցող զարգացումների ֆոնին և իսկապես սա մեծ հնարավորություն է աշխարհահռչակ արտիստների, ինչպես նաև մեր նվագախմբի համար մաս կազմելու այս մեծ երաժշտական իրադարձությանը և յուրաքանչյուր օր ունկնդիրը հնարավորություն ունի վայելել աշխարհի լավագույն մենակատարներին՝ ներկայացնելով ռուս և եվրոպացի կոմպոզիտորներին հայտնի ստեղծագործությունները։ Մեր նվագախմբի համար շատ կարևոր է հանդես գալ հենց հայ կոմպաոզիտորների հանրահռչակմամբ»,- ասաց Բալբաբյանը՝ նշելով, որ նվագախումբն առաջին անգամ չէ համերգներով հանդես գալիս ԱՄԷ-ում:

Սիմֆոնիկ նվագախումբը պանդեմիայից հետո արդեն պլանավորում է նոր համերգաշրջան: Կանցկացվի տարեկան 45 համերգ Հայաստանում, 15` արտերկրում, որոնք արդեն պլանավորման փուլում են։

«Ցավոք պանդեմիայի պատճառով կան հյուրախաղեր, որոնք հետաձգվել են: Հույս ունեմ, որ մոտ ապագայում Լոնդոնում, Օմանում, Մալթայում, Ավստրիայում տեղի կունենան։ Նվագախումբը այսօր էլ Հայաստանում  շարունակում է համերգները և կարող ենք ասել, որ ունենք այնքան համերգներ, որքան պանդեմիայից առաջ»,- ասաց նա:

Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ փառատոնին մասնակցող աշխարհի լավագույն արտիսների զգալի մասն արդեն եղել են Հայաստանում և ելույթ են ունեցել մեր Սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«Այստեղ հանդես եկող արտիսներից ոմանց հետ ունենք պայմանավորվածություն, որ 2021-22 թթ. համերգաշրջանում համագործակցելու են նվագախմբի հետ։ Մասնավորապես, հանդես են գալու Մաքսիմ Վենգերովը, Ռոմանովսկին և այլն, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն երաժիշտներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Դուբայում մեկնարկել է InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնը: Մինչեւ սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակներում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր եւ 12 անվանի դիրիժորներ։ Փառատոնային համերգները կանցկացվեն Dubai Opera-ում եւ Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։

Չորս շաբաթների ընթացքում բեմ կբարձրանա յոթ սիմֆոնիկ նվագախումբ՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Փառատոնի շրջանակներում ներգրավված են նաեւ մեծանուն դիրիժորներ՝ Դմիտրի Յաբլոնսկին, Ալեքսանդր Սլադկովսկին, Մայքլ Ֆրանսիսը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին եւ այլք։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են մեծ թվով ստեղծագործություններ՝ սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր, այդ թվում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

InClassica փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ