Հայաստանում գործող տաքսի ծառայությունների անվանումները, մեծ մասամբ, բովանդակազուրկ են եւ անհեթեթ: Մինչ հայրենական տաքսի ծառայությունների մեկը մյուսից տարօրինակ ու զավեշտալի անվանումները նշելը, պետք է շեշտել, որ արտասահմանում տաքսի ծառայությունները, հիմնականում, անվանումներ չունեն, մեծամասամբ գրված է` «TAXI» կամ տվյալ շրջանի անունը: Ընդ որում` օրինակ ԱՄՆ-ում, ամեն մի շրջանի սպասարկում են սահմանափակ թվով տաքսի ծառայություններ, որոնց մեքենաները, որպես կանոն նույն գույնի են լինում եւ տարբերվում հարեւան շրջանի տաքսի ծառայության մեքենաներից:
Իսկ ահա Հայաստանում տաքսի ծառայությունների մեքենաները ոչ միայն չունեն այլ մեքենաներից տարբերվող տեսք (չհաշված մեքենայի վերին մասում դրվող տարբերանշանը), այլեւ առանձնանում են իրենց խայտաբղետ ու զավեշտալի անվանումներով:
Ըստ այդմ, երեւանյան տաքսի ծառայությունների անվանումները կարելի է բաժանել մի քանի խմբերի. տեղանունների, մարդու, աստվածների, կենդանիների, նաեւ որեւէ իմաստից զուրկ, անհասկանալի ու խայտաբղետ անունների:
Տեղանուններ, մարդու, աստվածների անուններ
Սկսենք փոքր-ինչ բովանդակային անուններից. տեղանուններ բնորոշող անուններ` «Փարվանա», «Ялта», «Այնթափ», «Ջավախք», «Վան», «Կիեւյան», «Անի», «Արաբկիր», «Արարատ», «Ապարան», «Նոր Նորք», «Երեւանյան», «Զեյթուն», «Պռոշյան» եւ այլն: Թերեւս միայն Երեւանի փողոցներում կարելի է հանդիպել հունական աստվածների անուններով տաքսների` ինչպիսիք են «Հերան», «Ապոլլոնը»: Աստվածների հետ հաշվի նստող մեր տաքսի ծառայությունների տերերը անուններ ընտրելիս, այնքան են աստվածացրել իրենց սիրելիներին` կլինի երեխա, կին, մայր, հայր, ընկերուհի, որ տաքսի ծառայությունն էլ են կոչել նրանց անուններով` «Միլենա», «Հովո», «Սոֆիա», «Էլեն». «Արփի», «Գոռ»,«Տյոմ», «Հակուլ», «Արինե», «Էլենա», «Արմ եւ Դով քոմֆորթ» եւ այլն (խնայելով ձեր աչքերը` այս անվանումները չենք գրում այնպես, ինչպես գրված են տաքսիների վրա` լատինատառ- NEWS.am): Կան նաեւ կենդանիների անուններով տաքսի ծառայությունները` «Պանդա», «Աղվես», «Wolf» (Գայլ), «Պանտերա» եւ այլն:
Անգլատառ ու անգլալեզու անվանումներ
Կան նաեւ մեկ անգլերեն տառ պարունակող անվանումներ, ինչպիսիք են օրինակ «X»-ը, «Z»-ը, «H»-ը: Զգեստի չափսերի սիրահարներն էլ իրենց հոբբին արտահայտել են «XXL», «XL» անվանումներով տաքսի ծառայություններ բացելով: Տաքսիների մի մասն էլ այլալեզու բառեր են` «Royal», «Pince», «Love», «Լuxe», «Amigo», «Tom & Jerry», «Randevu»,«Konvert», «Kaiser», «Mayak», BTS, «Markiza», «Comfort», «Elit», «San», «Senat», «Elite», «Relax», «VIP», «Just», «Busy», «Taxi Tour», «Voyage», «Sweet», «Lucky», «King» եւ այլն:
Անհեթեթ, խայտաբղետ ու զավեշտալի անվանումներ
Հայկական մտքի թռիչքը դրսեւորվել է նաեւ տաքսի ծառայությունների անունները կնքելիս: Նման մտքի փայլատակումներից են «Սամահար», «Զոլոտոյ Դյուկ», «Հար Գալ», «Սուրհանդակ», «Կայծակ», «Հույսի քարավան», «Տանտա» (վերջինիսի գովազդը ավելի ունիկալ է, քան անունը` «Զանգահարիր «Տանտա», տանի քեզ ման տա»- NEWS.am), «Ну погоди», «Վիկ-Լյուդ», «Թամուշկա», «Վայ, տաքսի», «Դե լավա», «Դե սպասիր», «Բարեւ, ախպերս», «Լավ ընկեր «Ախպերություն» անվանումներով տաքսիները:
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ տաքսի ծառայությունների` որպես ՍՊԸ-ի գրանցման դեպքում, անվան հետ կապված որեւէ սահմանափակում չկա: Միայն լրացուցիչ տուրք է նախատեսվում «Հայաստան» բառի օգտագործման համար:
Տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում եւս նշեց, որ տաքսի ծառայությունների անվանումների հետ կապված կառավարության կողմից սահմանված լիցենզավորման կարգով որեւէ բան չի նախատեսվում: «Օրինակ` ՍՊԸ-ն կարող է գալ մեզ մոտ գրանցվել «Ինգա» ՍՊԸ, բայց տաքսի ծառայության անվանում դնել` «Ну погоди», այդտեղ լեզվի տեսչությունը պետք է զբաղվի»,-նշեց նա:
Փաստորեն` տաքսի ծառայությունների անունների ոլորտում այսպիսի խառնաշփոթը հետեւանք է այն բանի, որ ոչ «Լեզվի մասին» օրենքով, ոչ «Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգով» տաքսի ծառայությունների անունների հետ կապված որեւէ բան նախատեսված չէ, իսկ լեզվի տեսչությունը ի՞նչ կարող է անել, եթե այստեղ օրենսդրական բաց կա:
«Անգամ անվանում ունենալու մասին որեւէ բան չկա, հայատառ լինելն ընդամենը մեր ցանկությունն է: Ոչ օրենքում, ոչ լիցենզավորման կարգում նման պահանջ չկա»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը` հավելելով, որ տեսչությունը նախորդ տարի մշտադիտարկում էր արել եւ բացահայտել մոտ 500 տաքսի ծառայությունների անուններ, որոնց մի չնչին մասն էր հայերեն: Լեզվի տեսչությունը նամակներ էր ուղարկել եւ հայտնել, որ նախընտրելի է օգտագործել հայերեն անվանումներ, 30 տոկոսը արձագանքել է, որոշ մարդիկ փոխել են եւ հայատառ դարձրել, բայց ընդհանուր առմամբ` էական փոփոխություն չի եղել:
Հովյանի խոսքով` իրենք ոչինչ չեն կարող անել, այստեղ առկա է օրենսդրական բաց: Լեզվի պետական տեսչությունը դիմել է Տրանսպորտի եւ կապի նախարարությանն` առաջարկելով, որ լիցենզավորման կարգում կետ մտցնեն` կապված տաքսի ծառայությունների անվանումների հետ, բայց նրանց ասել են, որ առայժմ այլ փոփոխություններ են նախատեսվել, իսկ դա հընթացս կդիտարկեն:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը



























