News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գ.Թ.-ին:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին վերջինս, քաջատեղյակ լինելով, որ վերը նշված համալսարանի ռեկտորի ընտրություններով պայմանավորված, համալսարանի վարչական շենքում գտնվում են ինչպես այդ հաստատության բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մի շարք աշխատակիցներ եւ այլ պաշտոնատար անձինք, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտակցելով, որ այդ պահին վարչական շենքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն լուսաբանվում է լրագրողների կողմից եւ հասանելի է հասարակության լայն շերտերի համար, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք՝ Գ.Թ.-ն համալսարանի վարչական շենքում բարձրաձայն, բոլորի համար լսելի անպարկեշտ արտահայտություններ եւ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հասցեին՛ խափանելով մարդկանց անդորրն ու այդ պահին ընթացող հանրային միջոցառումը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 27-ին միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ վերոնշյալ համալսարանի ռեկտորի խորհրդականի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Դեկտեմբերի 28-ին վերջինիս մեղադրանք է ներկայացվել, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել «Բացակայելու արգելքը» եւ «Պաշտոնավարման կասեցումը»։

Որպես խափանման միջոց ընտրված՝ «Պաշտոնավարման կասեցման» մասին որոշումը կատարման նպատակով ուղարկվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին, ինչպես նաեւ այդ մասին տեղեկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարը։

Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ խոսքը Գրիշա Թամրազյանի մասին է։

Հիշեցնենք՝ Դատախազությունը նախօրեին հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բացի այդ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նույն համալսարանի ռեկտորի ընտրությունների համար հիմք հանդիսացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ:

Տպել
Ամենաշատ