Ես տեղեկություններ չունեմ, մենք ընդհանրապես դեմ չենք հանդիպումների եթե պահպանվի համապատասխան ձեւաչափը, սակայն այդ ձեւաչափը Ադրբեջանը չի պահպանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե  ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:

«Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապամոնտաժի իր  բոլոր պետական ինստիտուտները, եւ չգիտեմ ինչ դառնա Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար ընդունելի չէ: Եթե  բանակցում եք իսկապես հակամարտության կարգավորման վերաբերյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ունենք իրարամերժ մոտեցումներ: Խնդիրը սա է: Եւ դժվար թե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումները, հատկապես հիմա ինչ կատարվեց այս երկու  օրերին»,- ասաց նա: