«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ անվտանգության ստուգում իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է 2024 թվականի փետրվարի 12-ին Վլադիկավկազի բնակչուհու կերակրափողի այրվածքի դեպքի առնչությամբ «Ջերմուկ» հանքային ջուր խմելու հետևանքով։

Սահմանափակումները վերաբերում են 2023 թվականի դեկտեմբերի 28-ից արտադրված և 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը ռուսական շուկա մատակարարվող 0,5 լիտրանոց ապակե շշերի մեջ լցված ջրին։

«Գերատեսչությունն արագ պարզել է խնդրո առարկա ապրանքների գտնվելու վայրը և միջոցներ է ձեռնարկել դրանց հետագա վաճառքը կանխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համապատասխան ծանուցումներ են ուղարկվել այս ապրանքների դիստրիբյուտորներին: Այս գործողություններն ուղղված են նվազագույնի հասցնելու պոտենցիալ ոչ անվտանգ արտադրանքի ձեռքբերման ռիսկերը, ընդգծել է Ռոսպոտրեբնադզորը։