Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն այսօր` նոյեմբերի 8-ին, կառավարության արտակարգ նիստ է հրավիրել, որի ժամանակ կարող է կազմվել նոր կոալիցիոն կառավարություն եւ ընտրվել նոր վարչապետ:
Reuters-ի տվյալներով, արտակարգ նիստում շարունակվում են բանավեճերը ապագա կառավարության կազմի շուրջ:
Ավելի վաղ, ընդդիմության ներկայացուցիչ Յաննիս Միխելակիսը պահանջել էր, որ նոր վարչապետն ընտրվի մեկ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, հայտարարվել էր, որ Հունաստանում կձեւավորվի նոր կոալիցիոն կառավարություն եւ այն կղեկավարի նոր վարչապետ: Բացի այդ, փետրվարի 19-ին, այդ երկրում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Երկրի վարչապետի պաշտոնի համար հնչել են երեք թեկնածություններ. Եվրոպական կենտրոնական բանկի նախկին փոխտնօրեն Լուկաս Պապադիմոս, ներկա եվրոպական օմբուդսմեն Նիկիֆորոս Դիամանդուրաս եւ «Նոր դեմոկրատիա» կուսակցության փոխնախագահ Ստավրոս Դիմաս, հաղորդում է Gazeta.ru-ն:




























