Թուրքիայի Վան քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք, այսօր` նոյեմբերի 9-ին, ժամը 23:23-ին, տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժը թույլ զգացվել է նաեւ Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում:

Շիրակի մարզում երկրաշարժը զգացվել է 3 բալ:

Մայրաքաղաքում զգացվել են թույլ ցնցումներ, մոտ 3 բալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում երկրաշարժ էր գրանցվել նաեւ նոյեմբերի 9-ի գիշերը ժամը 02:05-ին, որը նույնպես զգացվել էր Հայաստանում, մասնավորապես, Երեւանում: Էպիկենտրոնը գտնվել է 9,4 կմ խորության տակ, իսկ ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ:

Նշենք, որ 7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում: