2 շաբաթ առաջ, Լոռիի մարզի Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում անասունների անկում էր նկատվել, անհայտ հիվանդությունից խոշոր եղջերավորների ջերմությունը բարձրացել է, դադարել կաթնատվությունը: Անասունների տերերն անհանգստանալով, դիմել են գյուղի 2 անասնաբույժներին, նրանց, սակայն, չի հաջողվել պարզել, թե ինչ հիվանդություն է կովերի մոտ:
Կաթնառատի համայնքապետի տեղակալ Կարեն Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ խնդրի մասին տեղյակ է պահվել Լոռիի մարզպետարանը, այստեղից էլ հեռաձայնել են մայրաքաղաք, մեկ օր անց, Երեւանից եկած անասնաբույժները, դարձյալ չկարողանալով տեղում որոշել հիվանդության անունն ու աղբյուրը, փորձանմուշ են վերցրել, համայնքի բյուջեի միջոցներով տարել լաբորատորիա, խոստանալով 3 օրվա ընթացքում տալ պատասխան ու անհրաժեշտ պատվաստում անցկացնել գյուղի մյուս անասունների համար:
Անցել է 14 օր, սակայն փորձաքննության արդյունքներն, ըստ գյուղապետի տեղակալի, դեռեւս հայտնի չեն: Գյուղում բնակիչների մի մասը մեզ փոխանցեցին, որ տիզային վարակ է, մի քանիսի խոսքով էլ, անասունների մոտ կատաղություն է:
Կաթնառատում 1300 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ կան, բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ապրում են` ստացված կաթը գործարաններին ու անհատ ձեռներեցներին 1 լիտրը 150 դրամով վաճառելով:
Ընդհանուր առմամբ, հիվանդության պատճառով սատկել է 3 հորթ: 10 կով գյուղացիների կողմից ենթարկվել են հարկադիր մորթի:
Հարցին, թե մորթելուց հետո, որտե՞ղ է տարվել հիվանդ անասունների միսը ու քանի՞ մարդկանց է վաճառվել, Կարեն Մովսիսյանը պատասխանեց. «Տերերը կիլոգրամը 1000 դրամով վաճառքի էին հանել, բայց կիլո-կիլո չեն վաճառել, եկել են, միանգամից միսը տեսել, գնի հետ համաձայնել ու ամբողջը տարել են, անհանգստանալ պետք չէ, որովհետեւ ինչքան գիտեմ, շուկայում չեն ծախել, իմ իմանալով Գյումրիի երշիկի գործարաններից մեկն է ամբողջը տարել»:
Գյուղապետի տեղակալը նշեց նաեւ, որ մորթից հետո, տերերը մեկ օր չեն վաճառել միսը, սպասելով փորձաքննության արդյունքներին, բայց պատասխան չստանալով, ստիպված վաճառել են, որպեսզի միսը չփչանա:
Հարկ է նշել, որ գյուղի անասնաբույժներ Պողոս Գեւորգյանն ու Ալբերտ Ադոյանը տեղյակ են եղել, որ հիվանդ կովերի միսը վաճառվելու է, ու ոչ մի կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռանարկել: Առանց ստուգման հիվանդ անասունների մսի վաճառք թույլ տալու ու վտանգավոր լինելու փաստի պատասխանը հնչեց այսպես. «Մի կովը գյուղացին գնում է 600-700 հազար դրամով, մարդկանց ապրուստի միակ միջոցն են կովերը, եթե կաթ չեն տալիս ու հիվանդ են, սատկելու են, էդ մարդուն ոնց ասենք միսը մի վաճառի, գյուղացիներին էսօր էդ անասուններն են պահում»:
Գյուղացիների հետ զրուցելիս, հենց իրենք են փաստում, որ մտավախություն ունեն, թե մյուս անասուններին էլ հնարավոր է փոխանցվել է վարակը, անգամ վախենում են, թե վաճառվող կաթը եւս վտանգավոր կարող է լինել, բայց միաժամանակ արդարացնում են իրենց, ասելով, որ համապատասխան մարդիկ աչք են փակում այս խնդրին, իսկ իրենք ընդամենն իրենց ապրուստն են հոգում կաթ ու միս վաճառելով:
Պատրաստեց Շուշաննա Գրիգորյանը




























