ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով, որը վերաբերում է «մանր եղջերավորների» արտահանմանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ավելի վաղ, «Ժովողուրդ օրաթերթը» գրել էր, որ կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձիք՝ Աշոտիկ Կամավոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը առերեսման ժամանակ պնդել են, որ Աղազարյանը կաշառք է ուզել իրենցից՝ գործընթաց կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրել էր. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։

«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը. սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ»: