Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման ֆոնին հայտարարել է, որ Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությունը «շրջադարձային պահ» է ապրում։

Իրավիճակը չափազանց վտանգավոր է, ասել է ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ ելույթի ժամանակ՝ պաշտպանության հարցերով ԵՄ ճգնաժամային գագաթնաժողովի բացումից առաջ, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

«Սա վճռորոշ պահ է Եվրոպայի համար։ Եվրոպան կանգնած է ակնհայտ և անկանխծատեսելի սպառնալիքի առջև, և, հետևաբար, պետք է կարողանա պաշտպանվել, ինչպես մենք պետք է Ուկրաինային հնարավորություն տանք պաշտպանվելու և պայքարելու կայուն և արդար խաղաղության համար»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Այդ կապակցությամբ նա ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներին ներկայացրել է վերազինման ծրագիր, որն, ըստ նրա, հնարավորություն կտա մոբիլիզացնել մինչև 800 միլիարդ եվրո։

Ֆոն դեր Լայենն «ԵՄ ֆինանսավորման նոր մեխանիզմ» է առաջարկել՝ անդամ երկրներին վերազինման ոլորտում աջակցելու համար։ Այս գործիքը պետք է ներառի 150 միլիարդ եվրոյի վարկեր, որոնք երաշխավորված կլինեն ԵՄ բյուջեով։ Նա միաժամանակ կոչ է արել չորս տարով ժամանակավորապես մեղմել եվրոպական բյուջեի կանոնները:

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Եվրոպայի վերազինումն վաղուց հասունացած քայլ է անվանել։