Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերադարձել է Կուբայից, որտեղ ռադիոթերապիայի երկրորդ կուրսն էր անցնում:

Ապրիլի 4-ի ուշ երեկոյան նրա օդանավը վայրէջք է կատարել նախագահի հայրենի նահանգում՝ Բարինասում: Վայրէջքից անմիջապես հետո Չավեսը վստահեցրել է իր երկրի քաղաքացիներին, որ իրեն լավ է զգում եւ որ վերջին շրջանում հանձնած նալիզները դրական արդյունք են ցույց տվել, հաղորդում է Vesti.ru-ն:

Հավանայից մեկնելուց առաջ, Չավեսը մի քանի հաղորդագրություն է թողել Twitter-ի իր էջում: «Ես զգում եմ քո լույսը եւ հոտը իմ մաշկի վրա...»,- մեջբերել է «Վենեսուելա» երգի խոսքերը Չավեսը: Նա հայտնել է, որ օդանավակայանում իրեն ճանապարհել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Միաժամանակ, դրանից մեկ օր առաջ վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան հայտնել է, որ Չավեսի մոտ բարդություններ են առաջացել ստամոքսում՝ ապրիլի 2-ին անցկացված լուսային թերապիայի առաջին կուրսից հետո: Նրա խոսքով, այդ բարդություններից ելնելով, բժիշկները որոշել են բուժման կուրս չանցկացնել ապրիլի 3-ին: