«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկն մի շարք երկրների բանկերում, այդ թվում` Էստոնիայում, ունեցել է  հաշիվներ,  որոնց միջոցով էլ փողեր է լվացել: Այդ մասին հայտնում է Eesti Ekspress էստոնական թերթը:

Ըստ ոստիկանության տվյալների` Բրեյվիկը բացի ռասայական մաքրության գաղափարներից, հաց է վաստակել համացանցում կեղծ վկայականներ վաճառելով, իսկ այդ խաբեությունից ստացված 3,6 միլիոն նորվեգական կրոնը (230 հազար դոլար)  2005-2006թթ.  դրել է արտասահմանյան հաշիվների վրա:

Նա հաշիվներ է ունեցել  ընդհանուր առմամբ 7 երկրների 14 բանկերում. փողերի լվացման համար օգտագործել է հիմնականում Լատվիայի բանկային հաշվեհամարը, սակայն հաշվեհամարներ է ունեցել նաեւ Էստոնիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում:  Օսլոյում նա փողերը հանել է փոքրիկ գումարներով, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Մի քանի օր առաջ հետաքննությունը հայտնել էր, որ այդ խաբեություններին մասնակցել էր նաեւ Բրեյվիկի մայրը. նա որդուց ստացված գումարը գրանցել էր իր հաշվին, իսկ ավելի ուշ այն նրան էր փոխանցել: