52 կգ քաշային կարգում WBC վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի Թոմաս Ռոխասը (32-11-1, 22 նոկաուտ) հավատում է, որ կհաղթի Վիկ Դարչինյանին (32-2-1, 26 նոկաուտ), դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում կայանալիք մենամարտում, հաղորդում է Fightnews.com կայքը:
Ռոխասի խոսքով, ինքը հրաշալի գիտի հայ բռնցքամարտիկի հեղինակությունն ու հնարավորությունը, սակայն նշում է, թե այս մարտը իր կյանքի վերջին շանսն է:
«Ես երջանիկ եմ եւ շարժառիթներ ունեմ Վիկ Դարչինյանի հետ հանդիպելու: Հավատացեք, նա ինձ չի վախեցնում: Ես պետք է խելացի մարտ վարեմ՝ օգտագործելով ձեռքերիս թափն ու արագությունս: Ես բարձր եմ Դարչինյանից եւ կօգտագործեմ այդ առավելությունս։ Նա վայրի սկանդալիստ է եւ շատ վտանգավոր՝ իր ուժի պատճառով: Սակայն ես բավական փորձ ունեմ՝ նրան հաղթելու»,- հայտարարել է Ռոխասը:




























