Հյուսիսկորեական առաջնորդ եւ «Մեծ ժառանգորդ»  Կիմ Չեն Ընը հրամայել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սադրանքի դեպքում «թշնամիներին ծովում խեղդել»:

Այդ հայտարարությունը կապված է հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյակի պատվին հրթիռ թողարկելու ծրագրերի հետ, ինչը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին, որոնք Հյուսիսային Կորեային արգելում են բալիստիկական տեխնոլոգիաներ կիրառել, հաղորդում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, Ճապոնիան եւ Հարավային Կորեան արդեն մարտական բարձր պատրաստականության են բերել իրենց զենիթահրթիռային համակարգերը եւ պատրաստ են կործանել հյուսիսկորեական հրթիռը:

Փհենյանը հայտարարել է, որ ապրիլի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կավարտի Երկրի արհեստական արբանյակով հրթիռակրի մեկնարկը` ի պատիվ Կիմ Իր Սենի 100-ամյակի: Արեւմուտքում կարծում են, որ խոսքը մեծ հեռավորությամբ բալիստիկական հրթիռի փորձարկման մասին է: Վաշինգթոնը եւ Տոկիոն հասկացնում են, որ հրթիռի թողարկման դեպքում կողմ հանդես կգան  Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը: