Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հարցով մասնագետ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը` մեկնաբանելով Մատվիենկոյի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Բաքվում արված հայտարարությունը: Նշենք, որ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` Մատվիենկոն հայտարարել էր, որ այն պետք է լուծվի տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա` չնշելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

Միաժամանակ փորձագետը նկատեց, որ Մատվիենկոն հյուր էր Բաքվում եւ ասել է այն, ինչ նրանից ակնկալում էին տարածքային ամբողջականության առումով: Ամենակարեւորը սակայն Սկակովը համարեց այն փաստը, որ ռուսաստանցի քաղաքական գործիչն ընդգծել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարեւորությունը: «Խնդիրը չի կարող ռազմական ճանապարհով կարգավորվել, դրանում համակարծիք են տարածաշրջանային բոլոր կարեւոր խաղացողները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-ընդգծեց փորձագետը:

«Մեր խնդիրը վստահության մթնոլորտի ստեղծումն է: Առանց վստահության մթնոլորտի, առանց վստահության խորացման  դժվար կլինի գտնել այդ խնդրի լուծումը:  Ինձ թվում է, խորհրդարանների դերը դրանում պետք է կայանա: Մենք պետք է աջակցենք մշակույթի գործիչների, երիտասարդների շփումներին, ստեղծենք վստահության մթնոլորտ, որի շրջանակում լուծում գտնելը հեշտ կլինի»,-Բաքվում հայտարարել էր Մատվիենկոն: