Մոսկովյան ԲԿՄԱ ակումբի եւ Ռուսաստանի հավաքականի պաշտպաններ Վասիլի եւ Ալեքսեյ Բերեզուցկիները պատրաստվում են դատի տալ «Մարդը եւ օրենքը» հաղորդման հեղինակներին, ովքեր ֆուտբոլիստներին մեղադրել են Սլովենիայի հավաքականի հետ խաղից առաջ մարզական ռեժիմի խախտման մեջ: Այս մասին հաղորդում է REGNUM լրատվական գործակալությունը:

Դեկտեմբերի 3-ին հեռարձակված «Մարդը եւ օրենքը» հաղորդումը ցուցադրել է տեսանյութ Ռուսաստանի հավաքականի մասին: Տեսանյութը պատմում է, թե ինչպես Սլովենիայի հավաքականի հետ հանդիպման նախօրեին ռուս ֆուտբոլիստները զվարճացել են Տվերսկոյ փողոցում գտնվող ռեստորանում եւ ծխել նարգիլե: Ռեստորան այցելած ֆուտբոլիստների անունները, սակայն, չի նշվել: Բացի այդ, տեսանյութում ցուցադրվել է հարցազրույց «Գրանդ Մարիոթ» հյուրանոցի աշխատակցի հետ: Նշենք, որ հենց այդ հյուրանոցում են խաղերից առաջ իջեւանում Ռուսաստանի հավաքականի խաղացողները: Հյուրանոցի աշխատակիցները պատմել են, որ խաղացողները պատվիրել են ոգելից խմիչքներ, ծխել են եւ զվարճացել աղջիների հետ: «Աչքի ընկնող» ֆուտբոլիստների թվում նշվում է Բերեզուցկի եղբայրների անունները:

«Ուզում ենք պաշտոնապես հայտարարել, որ մենք դատի ենք տալու Առաջին ալիքի „Մարդը եւ օրենքը“ հաղորդմանը: Արդեն պայմանավորվել ենք փաստաբանների հետ, եւ հենց որ վերադառնանք Մոսկվա, կձեւակերպենք եւ դատի կտանք` պատիվը եւ արժանապատվությունը ոտնահարելու համար: Եթե մենք ներկա պահին մայրաքաղաքում լինեինք, դա կանեինք անմիջապես: Ցավալի է, բայց մենք ստիպված ենք ինքներս պաշտպանվել, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, որը մեր կարծիքով, պետք է արժանի պատասխան տա ազգային հավաքականի պատիվը արատավորողին, լռում է: Հասկանալի է, որ այն հիմա նախագահ չունի, սակայն դա առիթ չէ, որ ցեխի մեջ գցեն փաստացի ողջ ռուսական ֆուտբոլը»,-ասել է Ալեքսեյ Բերեզուցկին:

Հիշեցնեք, որ Ռուսաստանի հավաքականը, պարտվելով Սլովենիայի հավաքականին, զրկվեց 2010 թվականին աշխարհի առաջնություն մեկնելու հնարավորությունից: