Թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ պատրաստվում են ստեղծել ուժեղ թուրքական սփյուռք, որը պետք է պայքարի Ցեղասպանության ճանաչման աշխատանքների դեմ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետին կից Արտասահմանի թուրքերի հարցերով վարչությունը նախապատրաստում է 2012-ի սեպտեմբերի 15-ին հանդիպում կազմակերպել թուրքական սփյուռքի տարբեր կազմակերպությունների ու կառույցների մոտ 1000 ղեկավարների հետ` համակարգելու Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը:

Նշվում է, որ Թուրքիան Ցեղասպանության ճանաչման դեմ աշխատանքները իրականացնելու է արտասահմանում ապրող ադրբեջանցիների հետ համատեղ:

Թուրքիան փորձելու է Ցեղասպանությա ճանաչման դեմ աշխատանքներին ներգրավել  համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների, գրողների եւ ռեժիսորների,  ինտերնետում ավելացնել օտար լեզուներով  Հայոց ցեղասպանությունը ժխտող աշխատությունների թիվը:  

Hurriyet-ը շեշտում է, թե սեպտեմբերի 15-ը պատահականորեն ընտրված չի, քանի որ 1918-ի սեպտեմբերի 15-ին թուրքական զորքերը Նուրի փաշայի գլխավորությամբ մտել են Բաքու: