Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Բելառուսի հասցեին արված վերջին ոչ բարեկամական հայտարարությունը։ Այս մասին գրում է sb.by կայքը։

«Բելառուսն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն որոշում է Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։ Մենք հպարտանում ենք այդ համագործակցությամբ և թույլ չենք տա որևէ մեկին մեզ դասեր տալ։ «Առասպելական միջամտության» կարգախոսների ներքո Մինսկին ներքաղաքական իրարանցումների մեջ ներքաշելու փորձերը տարրական դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում են», — նշել է Վարանկովը։

Մամուլի քարտուղարը Սիմոնյանի հայտարարությունը որակել է նաև որպես նախընտրական պոպուլիզմ և հայ ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից՝ աղքատությունից, գործազրկությունից և մարզերի լճացումից շեղելու փորձ։

Ի թիվս այլոց, Վարանկովը նշել է, որ Երևանի արևմտամետ կուրսը հանգեցրել է դեպոպուլյացիայի, տնտեսական անկայունության և արտաքին քաղաքական կախվածության։ Հայաստանի իշխանություններին նա անվանել է «կարճատես»։

Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել էր, թե Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի նահանգ և կառավարվի Բելառուսի նման։ «Մենք թույլ չենք տա Հայաստանի Հանրապետությունը վերածել գուբերնիայի։ Մենք չենք կառավարվելու այնպես, ինչպես Բելառուսը», — հայտարարել էր նա։

Այս հայտարարությունները հնչել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի՝ Երևան կատարած այցի ֆոնին, ով մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» համաժողովին։ Ինչպես հայտնել են նրա մամուլի ծառայությունից, սա Տիխանովսկայայի առաջին այցն է Հայաստան։ Նա ներկայացնում է Բելառուսն այնպիսի միջազգային հարթակում, որտեղ հավաքվել են ավելի քան 30 եվրոպական առաջնորդներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։