Հայաստանն ունի եվրոպական կոչում և եվրոպական ապագա։ Դա երևում է նրա մշակույթի, լեզվի և պատմության միջոցով։ Այսօր մենք տեսանք դա՝ այցելելով Մատենադարան։ Այս մասին Երևանում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի առաջնորդը հիշեցրել է, որ հենց ինքը՝ Եվրոպան, անցել է հակամարտությունների և կայսերական պատերազմների երկարատև շրջանով, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարողացել է կառուցել փոխգործակցության եզակի մոդել։
«Եվրոպան անցել է դարեր տևած հակամարտությունների ու կայսերական պատերազմների միջով, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարողացավ ստեղծել եզակի մոդել՝ Եվրոպական միությունը՝ հիմնված հարգանքի, իրավունքի և համագործակցության վրա։ Սա մի մոդել է, որն ապահովում է կայուն խաղաղություն»,- ընդգծել է Մակրոնը։
Նա նշել է, որ այսօր Եվրոպան աշխարհին առաջարկում է փոխգործակցության նոր ձևաչափ։
«Այսօր մենք աշխարհին առաջարկում ենք նոր կոալիցիա՝ այն երկրների դաշինքը, որոնք հարգում են միջազգային իրավունքը, ժողովրդավարությունը, ազատությունը, գիտությունը, կլիմայական օրակարգը և մարդու իրավունքները»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նաև շեշտադրել է ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության անհրաժեշտությունը։
«Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարությունները, մեր լրատվամիջոցները, մեր համալսարանները։ Այն, ինչ դեռ վերջերս ակնհայտ էր թվում, այսօր դրվում է կասկածի տակ, ուստի դա անհրաժեշտ է ամրապնդել»,- ասել է նա։
«Եվրոպական քաղաքական համայնքը նման ընդլայնված Եվրոպայի համար տարածք է, և Հայաստանը դրանում կարևոր դեր է խաղում»,- նշել է ֆրանսիացի առաջնորդը։
Նա վստահություն է հայտնել, որ ներկա ժամանակաշրջանը նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և տարածաշրջանի, այլև ողջ Եվրոպայի համար։
«Համոզված եմ, որ հիմա ոչ միայն Հայաստանի և Հարավային Կովկասի պահն է, այլ նաև Եվրոպայի պահը՝ որպես նոր աշխարհաքաղաքական ուժի, որը հիմնված է հարգանքի և սկզբունքների վրա»,- հայտարարել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կայուն խաղաղությունն անհնար է առանց միջազգային իրավունքի պահպանման։
«Խաղաղությունն անհնար է այնտեղ, որտեղ գործում է ուժի իրավունքը։ Խաղաղությունը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հիման վրա։ Այդ սկզբունքներն ամրագրվել են 1945 թվականից հետո»,- ասել է նա։
Եզրափակելով՝ Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և նրա ընտրած զարգացման ուղուն։
«Ուստի, պարոն վարչապետ, պարոն նախագահ, տիկնայք և պարոնայք, ես ուրախ եմ լինել ձեր կողքին և իմ աջակցությունն ու վստահությունը հայտնել Հայաստանի ընտրած ճանապարհի նկատմամբ»,- նշել է նա։
«Համոզված եմ, որ Հայաստանի և Հարավային Կովկասի ապագան՝ ավելի լայն Եվրոպայի շրջանակում է՝ հիմնված իրավունքի, խաղաղության և ազատության վրա։ Հենց այս արժեքների վրա է խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամությունը»,- եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։





























