Հայաստանում տեղի ունեցավ մի միջոցառում, որի հիմնական նպատակն էր ձևավորել նոր հակառուսական, հակաիրանական և հակաչինական, և ինչու ոչ, հակահայկական կենտրոն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված Արման Աբովյանը։

«Այն «փշիփշիները», որը մենք լսեցինք եվրոպացիներից, դրանք, ըստ էության,, նշանակում էին, որ Հայաստանը տեղավորվում է գլոբալ հակամարտության ծիրում։ Այսինքն մենք տեղավորվում ենք գլոբալ խաղացողների Արևելք և Արևմուտք կռվի մեջ, որպես կռվի կիզակետներից մեկը։ Եվրոպան խնդիր ունի ընդլայնել ճնշման գոտիները Ռուսաստանի վրա, իսկ թե ինչ կլինի այդ գոտիների հետ, իրենց բնավ չի հետաքրքրում։

Մեզ ուրախ ժպիտներով, խոստումների ներքո դարձրեցին մի կետ, որը ճնշման ենթակա է լինելու»,–ասաց նա։

Արման Աբովյանի խոսքով, Հայաստան–ԵՄ փաստաթղթում կողմերը հաստատում են, որ իրենք ուժեղ պատժամիջոցային քաղաքականության մեջ են լինելու. «Պատժամիջոց եք մտցնելու ԵԱՏՄ-ի դե՞մ, այստեղ մենք ի՞նչ ենք անելու։ Փոխարենը, լսե՞լ եք գոնե մի թթու կծու խոսք այդ գագաթնաժողովում Ադրբեջանի հասցեին։

Ալիևը լուրջ, խրոխտ ձայնով խոսում էր՝ արդարացնելով Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը։ Բա հայկական կողմն ի՞նչ էր անում, ժպիտով նայում էին իրենց Ալիևի դեմքին»,–ասաց Աբովյանը։

Նա դիմելով իշխանություններին՝ հայտարարեց. «Դուք չեք տեսնո՞ւմ, ինչ է կատարվում, չեք հասկանում հետևանքներն ինչ են լինելու, թե՞ կրկին սկսելու եք մեղադրել իրանցուն, ռուսին, չինացուն, որ վայ, տեսեք, մեր հանդեպ քայլեր են կատարում։ Դու դարձնում ես երկիրը ինչ-որ հակակենտրոն։

Դուք կփախնեք, կգնաք ձեր փարիզները, բրյուսելները, բա երկիրը ի՞նչ է լինելու, դուք ո՞նց եք պատասխան տալու մարդկանց։ Մեր աչքի առաջ է Վրաստանի օրինակը, որին ամենամեծ արտոնությունները տվեց Եվրոպա, բայց վրացիները հասկացան, որ իրենց «քցեցին» և հիմա Վրաստանը փորձում է պրովրացական քաղաքականություն վարել։ Դուք էլ վարեք պրոհայկական քաղաքականություն։

Ցավոք, այս իշխանությունները կոնֆլիկտոգեն են, իրենք միշտ գեներացնում են կոնֆլիկտներ, թե հասարակության ներսում, թե արտաքին ճակատում։ Բայց տուժում են ոչ թե իրենք, տուժում ենք մենք, տուժում է Հայաստանի Հանրապետությունը, հասարակ քաղաքացիները»,– հայտարարեց Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ապա նաև Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը։