«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հրատապ մամուլի ասուլիսի ընթացքում խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի վարքագիծը, խոսույթն ու քաղաքական գործելաոճը՝ հայտարարելով, որ իշխանությունը փորձում է պետական լծակներն օգտագործել ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով։

Նրա խոսքով՝ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները ստիպել են ԲՀԿ-ին հանդես գալ արտահերթ ձևաչափով։

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր վաղ առավոտից և սկսվել էր դեռ նախորդ երկու օրերի ընթացքում, մեզ այլ ելք չէր թողնում, քան այս ձևաչափով հանրության հետ շփվելու հնարավորություն ստեղծելը», — ասել է Տոնոյանը։

Նա հատուկ անդրադարձել է վարչապետի խոսույթին՝ այն որակելով անընդունելի քաղաքական մշակույթի տեսանկյունից։

«Խոսքը մասնավորապես վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու-երեք օրերի ընթացքում կիրառվող բառապաշարին, բառամթերքին և ընդհանրապես գործելաոճին։ Քաղաքական մրցապայքարի այս փուլում, երբ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են իրենց ծրագրերը, գաղափարախոսությունը և երկրի զարգացման տեսլականը, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը որդեգրել են մի քաղաքականություն, որտեղ չկա որևէ ծրագրային բաղադրիչ», — հայտարարել է նա։

Տոնոյանի գնահատմամբ՝ վարչապետի վարքագիծը գնալով դառնում է ավելի անհավասարակշիռ։  «Որքան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյանը հանդես են գալիս հավասարակշռված, կառուցողական ու ծրագրային դաշտում, նույնքան անհավասարակշիռ է դառնում Նիկոլ Փաշինյանի պահվածքը», — ասել է նա։

Նա նաև մեղադրել է վարչապետին քաղաքական շոուների և մանիպուլյացիաների մեջ. «Քաղաքական շոուներ բեմադրելու մեծ փորձ ունեցող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը լավագույնս տիրապետում են մանիպուլյացիոն տեխնոլոգիաներին։ Պիկապների վրա թռվռալու, ուտելու տեսարաններով հանդես գալու տեսանյութերը, իհարկե, մեծ դիտումներ են ապահովում, բայց գոնե մեկ ծրագիր թող ներկայացնեն՝ ինչպես են երկիրը դուրս բերելու ստեղծված իրավիճակից»:

Տոնոյանը կոշտ քննադատության է ենթարկել նաև վարչապետի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները։

«Այսօր վաղ առավոտից ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը սպառնում Գագիկ Ծառուկյանին, տարբեր որակավորումներ տալիս, քաղաքական լեքսիկոնից մղոններով հեռու արտահայտություններ օգտագործում։ Սա պետական լծակները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշում գործադրելու պարզունակ գործընթաց է», — հայտարարել է նա։

ԲՀԿ ներկայացուցիչը նաև անդրադարձել է վարչապետի կողմից «The Insider»-ին արված հղումներին։

«Շատ ցավում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իջել է այն մակարդակին, որ իր ելույթներում հղում է անում անհայտ ծագում ունեցող ինչ-որ տարօրինակ պարբերականի։ Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե նման հրապարակումները ինչպես են պատվիրվում, որպեսզի հետո դրանց հղում անեն», — նշել է Տոնոյանը։

Նրա խոսքով՝ եթե ցանկություն լինի, նույն տեխնոլոգիաներով հնարավոր է հրապարակումներ կազմակերպել նաև Փաշինյանի մասին։

«Եթե առաջիկա 24 ժամվա ընթացքում արտասահմանյան որևէ լրատվամիջոցում հրապարակում հայտնվի Նիկոլ Փաշինյանի անցյալի, գործունեության ու ձախողումների մասին, դա ընդամենը ժամերի հարց է։ Բայց եթե մենք չենք առաջնորդվում այդ տեխնոլոգիաներով, դա մեր դաստիարակության ու կոռեկտության մասին է խոսում», — ասել է նա։

Տոնոյանը նաև ծաղրել է իշխանական պատգամավորների արձագանքները՝ նրանց անվանելով «սազանդարներ»։

«ՔՊ-ից նույն մարդիկ են մշտապես արձագանքում ընդդիմադիրների հայտարարություններին։ Ուզում եմ կոչ անել բոլոր այդ սազանդարներին՝ հավաքվեք մի տեղ ու միանգամից խմբով արտաբերեք ձեր տեքստերը, որովհետև նույն բանն եք կրկնում՝ անձնական վիրավորանքներ, սպառնալիքներ ու էժանագին խոսույթ», — հայտարարել է նա։

Տոնոյանը հատուկ անդրադարձել է նաև «Արարատ ցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ դատախազության արձագանքը հետևել է Փաշինյանի հայտարարություններին գրեթե անմիջապես։

«Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներից րոպեներ անց դատախազությունն արդեն հանդես եկավ համապատասխան հայտարարություններով։ Մենք, բնականաբար, իրավական մասով հետամուտ ենք լինելու», — ասել է նա։

Տոնոյանի խոսքով՝ իրավապահ համակարգը կենտրոնացած է քաղաքական պատվերների իրականացման վրա։ 

«Փոխարենը, որ զբաղվեն երկրում աճող հանցագործություններով, թմրամիջոցների շրջանառությամբ և այդ ամենի մեղավորներին բացահայտելով, իրավապահ համակարգը լցված է մեկ անձի ցուցումներով առաջնորդվող գործընթացներով», — նշել է նա։

Նա նաև անդրադարձել է վարչապետի վերջին հայտարարություններին պետականացման վերաբերյալ և խոսել Հատիսի բարձունքում կառուցվող Քրիստոսի արձանի մասին։

«Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի մոտ անհագուրդ ցանկություն է առաջացել ամեն ինչ պետականացնելու, աղքատներին ու ծերերին հանձնելու։ Ես արդեն լուրջ կասկած ունեմ, որ շուտով նաև Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն կունենա կամ, օրինակ, արձանը կալանավորելու, ձեռնաշղթաներ հագցնելու ցանկություն առաջանա։ Հաշվի առնելով, որ որևէ տրամաբանություն չկա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի գործողություններում, չեմ բացառում նաև նման զարգացումները», — հայտարարել է Տոնոյանը։

Ասուլիսի ընթացքում Տոնոյանը անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի զոհերի թեմային՝ քննադատելով իշխանության ներկայացուցիչներին։

«ՔՊ-ական տարբեր ներկայացուցիչներ ասում են, թե ընդդիմությունը չափազանցնում է զոհերի թիվը։ Բայց դուք միակն էիք, որ Ազգային ժողովի ամբիոնից խոսում էիք «պլյուս-մինուս 50» կամ «պլյուս-մինուս 100» զոհերի մասին։ Մեզ համար յուրաքանչյուր զոհ կարևոր է եղել, և մենք երբեք այդպես չենք վերաբերվել մեր զոհերի հիշատակին», — եզրափակել է Իվետա Տոնոյանը։