ՈւԵՖԱ-ն հաստատել է ուկրաինական այն չորս քաղաքների անունները, որտեղ անցկացվելու են 2012 թվականի Եվրոպայի առաջնության հանդիպումները:

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հաղորդմամբ, «ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել խաղերն անցկացնել Կիեւում, Լվովում, Խարկովում եւ Դոնեցկում: Բացի այդ, հաստատվել է, որ Կիեւում է անցկացվելու առաջնության գլխավոր հանդիպումը»:

«Ես շնորհավորում եմ Ուկրաինային այս առթիվ, սա գերազանց նորություն է: Այսպիսի հաղթանակների համար արժեր ամբողջ երկրով մեկ՝ օրերով աշխատել»,- հավելել է Տիմոշենկոն:

Հիշեցնենք, որ 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղերը կկայանան Լեհաստանում եւ Ուկրաինայում:

Նշենք նաեւ, որ այս տարվա մայիսին ՈւԵՖԱ-ն Ուկրաինային 6 ամիս ժամանակ էր տվել, որպեսզի պատրաստի համապատասխան ենթակառույցները՝ այս մակարդակի առաջնություն անցկացնելու համար: Այդ պատճառով Դոնեցկում եւ Խարկովում կառուցվեցին երկու նոր մարզադաշտեր, եւս երկուսն էլ կլինեն Կիեւում եւ Լվովում: