Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մինչեւ 52,16 կգ քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով պաշտպանել է իր աշխարհի չեմպիոնի կոչումը՝ նոկաուտի ենթարկելով մեքսիկացի Թոմաս Ռոխասին։ Կալիֆորնիայում ընթացող մարտի երկրորդ ռաունդի ավարտից մի քանի վայրկյան առաջ Դարչինյանը հուժկու հարածով նոկաուտի է ենթարկել Ռոխասին։
Նշենք, որ առաջին ռաունդից հետո դիպուկ հարվածների քանակով Ռոխասն առջեւում էր, սակայն հայազգի մարզիկի վարպետությունը եւ սպասելու ունակությունը իրենց գործն արեցին։
«Մրցակիցը շատ էր հարվածում եւ ավել միավորներ ուներ, բայց ես գիտեի, որ ժամանակը կգա։ Ես ուղղակի սպասում էի։ Ուժի տեսակետից տարբերություն չկար, բայց ես նաեւ հոգեբանորեն էի լավ պատրաստված»,- մենամարտից հետո հայտարարել է Դարչինյանը։
Այժմ Վիկն իր հաշվին ունի 33 հաղթանակ (27-ը նոկաուտով), երկու պարտություն եւ մեկ ոչ ոքի։



























