«Բոլոր նրանք, ովքեր չեն կարդացել իմ գիրքը, նախ պետք է կարդան եւ հետո քննադատեն ինձ»,-հայտարարել է ամերիկացի թենիսիստ Անդրե Աղասին` իբրեւ պատասխան գործընկերների կողմից իր հասցեին արված բազմաթիվ կտրուկ հայտարարությունների: Հիշեցնենք, որ ամերկահայ թենիսիստը վերջերս հրատարակված ինքնակենսագրական գրքում բացահայտել է, որ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում օգտագործել է խթանիչներ: Բացի այդ, նախկին չեմպիոնը պատմել է, որ ստել է АТР-ի ղեկավարությանը` հավատացնելով, որ մետամֆետամին արգելված դեղատեսակը նրա օրգանիզմ է մտել պատահաբար, սակայն իրականում նա դրանով բուժվել է:

Աղասիին քննադատության ենթարկածների թվում են թենիսի հայտնի դեմքեր Ռաֆայել Նադալը, Մարտինա Նավրատիլովան եւ Ռոջեր Ֆեդերերը: Իսկ ռուս Մարատ Սաֆինը, ով վերջերս է ավարտել իր կարիերան, հայտարարել է, որ Աղասին պետք է հրաժարվի իր բոլոր տիտղոսներից եւ դրամային պարգեւներից:

Ինչ վերաբերում է իրեն` Աղասիին, նա ասել է. «Ես կտխրեմ, որ այդ մարդիկ իմ ինքնակենսագրությունը կարդալուց հետո չփոխեն իրենց կարծիքը»: