The Hill-ը, հղում կատարելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսքոլն առաջիկա օրերին կլքի Պենտագոնում զբաղեցրած պաշտոնը։

Նրանց խոսքով՝ Դրիսքոլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ցամաքային զորքերի ներկա վիճակը և ներկայացրել հրաժարականի դիմում։

«Դրիսքոլը շատ արդյունավետ առաջ է մղել նախագահ Թրամփի «Ամերիկան կրկին ուժեղ դարձնենք» ծրագիրը՝ ցուցաբերելով բացառիկ առաջնորդություն պատմական ռազմական գործողությունների ընթացքում, հատուկ ուշադրություն դարձնելով մարտունակությանն ու կրակային հզորությանը, ինչպես նաև աջակցելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Նրա աշխատանքի շնորհիվ, գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի հետ միասին, ԱՄՆ բանակը դարձել է առավել ուժեղ, քան երբևէ»,- պարբերականին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելին։

Պարբերականը նշել է, որ Դրիսքոլի հեռանալը Պենտագոնից ցամաքային զորքերը կթողնի առանց Սենատի կողմից հաստատված ղեկավարի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դրիսքոլը ծրագրում է մոտ ժամանակներս լքել պաշտոնը։ Մասնավորապես, նշվել էր, որ բանակի նախարարը պատրաստ է հրաժարական տալ մինչև Աշխատանքի օրը՝ սեպտեմբերի 7-ը, սակայն Սպիտակ տունը ցանկանում է, որ նա պաշտոնում մնա առնվազն մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։