Օհայոյի 26-ամյա բնակիչ Ուիլյամ Դեֆուրը երեքշաբթի իրեն մեղավոր է ճանաչել Ցինցինատիում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տան հանդեպ վանդալիզմ կատարելու մեջ, հայտնում է NBC News-ը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին, երբ Վենսն ու նրա ընտանիքը գտնվում էին Վաշինգտոնում:

Դեֆուրին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցիչների կամ պետական գույքի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու, ինչպես նաև դաշնային սեփականությունը դիտավորությամբ վնասելու հոդվածներով:

Դատախազության տվյալներով՝ Դեֆուրը նախ փորձել է մուրճով ջարդել Վենսի տան մոտ գտնվող դաշնային իրավապահների ավտոմեքենայի ապակին: Դրանից հետո նա սկսել է կոտրել փոխնախագահի տան «պատմական խոշոր ապակիները»: Տղամարդուն կալանավորել են ոտքով փախուստի դիմելու փորձի ժամանակ:

Հարձակման հետևանքով տանը պատճառվել է մոտ 28 հազար դոլարի վնաս: Մեղքն ընդունելուց հետո Դեֆուրին թողել են կալանքի տակ՝ մինչև դատավճռի հրապարակումը:

Դեֆուրի փաստաբան Փոլ Լաուֆմանը ձերբակալությունից հետո հայտարարում էր, որ միջադեպը քաղաքական բնույթ չի կրել և «ոչ մի ընդհանուր բան չի ունեցել փոխնախագահի անձի հետ»:

Մեղադրյալի մայրը՝ Քեթրին Դեֆուրը, ավելի ուշ հայտնել է, որ որդին տառապում է հոգեկան խանգարմամբ: «Հոգեկան հիվանդությունը սարսափելի բան է: Սա պայքար է, որը կարող է կլանել հրաշալի մարդու և նրան սիրող ու աջակցող մարդկանց կյանքը: Ցավոք, մեր երեխայի պարագայում այն կլանեց նրա կյանքն այնպես, ինչպես մենք երբեք չէինք կարող պատկերացնել», — հայտարարել էր նա: