Չորեքշաբթի գիշերը Ադրբեջանի արևմուտքում՝ Գյորանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտ, զինամթերքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է հրդեհով, ասվում է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության և Ներքին գործերի նախարարության համատեղ հաղորդագրության մեջ։

Տեղեկության համաձայն՝ դեպքից անմիջապես հետո ԱԻՆ-ի և Պաշտպանության նախարարության համապատասխան ուժերը, համագործակցելով ՆԳՆ-ի և տեղական իշխանությունների հետ, ձեռնամուխ են եղել անհետաձգելի միջոցների իրականացմանը, և իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ։

«Դեպքի հետ կապված՝ անվտանգության միջոցառումների շրջանակում տարհանվել են մերձակա տարածքների բնակիչները։ Տուժածներ չկան», - ընդգծում են գերատեսչությունները։