Մարմարա ծովում՝ Սիլիվրի շրջանի մոտակայքում, բախվել են թուրքական դրոշի ներքո ընթացող երկու առևտրային նավեր։ Այդ մասին հայտնում է DHA պորտալը՝ հղում անելով Ստամբուլի վարչակազմին։

Իշխանությունների տվյալներով՝ բախվել են Alsu բեռնանավը, որը ուղևորվում էր Քոջաելիից Ալիաղա, և Tuğberk Imamoğlu բեռնանավը, որը շարժվում էր Իսկենդերուն նավահանգստից դեպի Կարադենիզ Էրեղլի։

Առաջինը տեսանելի վնասվածքներ չի ստացել։ Միևնույն ժամանակ, իշխանություններին առայժմ չի հաջողվել կապ հաստատել երկրորդ նավի և դրա անձնակազմի 10 անդամների հետ։

Տարածքում որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։ Դեպքի վայր են ուղարկվել առափնյա պահպանության, Մարմարա ծովի և Բոսֆորի հրամանատարության ստորաբաժանումները, ինչպես նաև առափնյա պահպանության ուղղաթիռ, հայտարարել են Ստամբուլի իշխանությունները։