Սլովենիայի խորհրդարանը թույլ է տվել դատախազությանը քրեական գործ հարուցել նախկին վարչապետ Ռոբերտ Գոլոբի դեմ՝ 2022 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո ոստիկանությունում կադրային հարցերին անօրինական միջամտելու մեղադրանքով, գրում է Politico-ն։

Նիստին ներկա բոլոր 75 պատգամավորները, ներառյալ հենց Գոլոբը, քվեարկել են նրան խորհրդարանական անձեռնմխելիություն չտրամադրելու օգտին։ Որոշումն ընդունվել է առանց քննարկման և պատգամավորների դիրքորոշումների բացատրության։

Ավելի վաղ Գոլոբը խորհրդարանին հայտնել էր, որ մտադիր չէ օգտվել անձեռնմխելիությունից և կցանկանար, որ գործը քննվի հնարավորինս արագ։

Գործը կապված է Սլովենիայի ներքին գործերի նախկին նախարար Տատյանա Բոբնարի մեղադրանքների հետ։ Նա պնդում էր, որ Գոլոբը ճնշում էր գործադրում իր վրա՝ պահանջելով կադրային փոփոխություններ կատարել ոստիկանությունում։ Բոբնարը հրաժարական է տվել 2022 թվականի դեկտեմբերին, որից հետո ենթադրյալ ճնշման մասին հայտնել է դատախազությանը և Սլովենիայի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Գոլոբը հերքում է այդ ամենը։

Լյուբլյանայի շրջանային դատարանը դատական քննություն է սկսել 2025 թվականի հոկտեմբերին։ Այն բանից հետո, երբ այս տարի Գոլոբն ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, դատախազությունը ստիպված է եղել դիմել օրենսդիրներին՝ խնդրելով հանել նրա անձեռնմխելիությունը։

Գոլոբի գլխավորած լիբերալ «Ազատության շարժում» կուսակցությունը մնում է Սլովենիայի խոշորագույն ընդդիմադիր ուժը։