Պենտագոնը տեստոստերոնի դեֆիցիտի պարտադիր սկրինինգ կմտցնի 30 տարեկանից բարձր տղամարդ զինծառայողների համար։ Համապատասխան կլինիկական ուղեցույցը չորեքշաբթի օրը հրապարակել է ԱՄՆ Ռազմական առողջապահության գործակալությունը, հայտնում է CBS News-ը։
Հետազոտությունն անցկացվելու է կանոնավոր բժշկական զննումների շրջանակում։ Գործող ծառայության զինծառայողներն ու ռեզերվիստները 30 տարեկանից սկսած կհանձնեն արյան անալիզ՝ տեստոստերոնի մակարդակը որոշելու համար։
Այն զինծառայողները, որոնց մոտ կհայտնաբերվի հիպոգոնադիզմ (վիճակ, որը կապված է տեստոստերոնի անբավարար արտադրության հետ), ուղեգիր կստանան լրացուցիչ հետազոտությունների և բուժման համար։ Որոշ դեպքերում նրանց կարող են նշանակել տեստոստերոնային փոխարինող թերապիա։
Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ընդգծել է, որ նման թերապիա անցնելու որոշումը կայացնելու է հենց զինծառայողը։ 30 տարեկանից ցածր տղամարդկանց առաջարկվելու է ամենամյա ստուգում՝ կամավոր հիմունքներով։
Կին զինծառայողներին հարցեր կուղղեն հորմոնալ խանգարումների հնարավոր ախտանիշների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում կուղեգրեն լրացուցիչ հետազոտության։
Պենտագոնում հայտարարել են, որ ծրագիրը նպատակաուղղված է զինծառայողների առողջության ամրապնդմանը, նրանց ֆիզիկական հնարավորությունների բարձրացմանը և ամերիկյան բանակի մարտունակության պահպանմանը։
Պարտադիր թեստավորման ներդրման մասին Հեգսեթը հայտարարել էր հուլիսին՝ նախաձեռնությունն անվանելով «բարձր տեստոստերոնով Պատերազմի նախարարություն»։ Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսված չէ ֆիզիկական ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու համար, այլ պետք է օգնի վերականգնել օրգանիզմի բնական հնարավորությունները, պահպանել զինծառայողների առողջությունն ու ապահովել ծառայության համար անհրաժեշտ ֆիզիկական վիճակը։
Պենտագոնի նոր ուղեցույցում տեստոստերոնի մակարդակն անվանվել է մարտունակության կարևոր կենսաբանական ցուցանիշ, քանի որ այն կապված է ֆիզիկական ուժի, ոսկրերի խտության, աերոբիկ դիմացկունության, դեպրեսիվ ախտանիշների և սրտանոթային առողջության հետ։
Ամերիկացի ռազմական բժիշկներն ավելի վաղ նշել էին, որ զինծառայողները կարող են հատկապես հակված լինել տեստոստերոնի մակարդակի նվազմանը՝ մեծ ծանրաբեռնվածության և քրոնիկ սթրեսի պատճառով։ Բանակային «Մադիգան» բժշկական կենտրոնի ուրոլոգ Թեոդոր Կրիսոստոմո-Ուինը ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) լսումների ժամանակ հայտարարել է, որ գործողությունների ինտենսիվությունն ու սթրեսը, որոնց բախվում են զինվորականները, կարող են իջեցնել տեստոստերոնի մակարդակը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։
Հետազոտությունները զինծառայողների (հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայողների) հորմոնալ խանգարումները կապում են նաև քրոնիկ սթրեսի, պայթյունների ազդեցության, գլխուղեղի վնասվածքների և քնի խանգարումների հետ։




























