Լեհաստանը հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ է ձևավորել երկրի հարավում, հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Այսօր առավոտյան ես որոշում եմ ստորագրել 87-րդ հակաօդային գնդի ձևավորման մասին․ 87-րդ հակաօդային գունդը տեղակայված է լինելու Բժեսկոյում», — X հարթակում գրել է Կոսինյակ-Կամիշը։

Նա հստակեցրել է, որ նորաստեղծ գնդի անձնակազմը բաղկացած է լինելու շուրջ հազար զինվորականից։

Լեհ նախարարը նաև հավելել է, որ գունդը զինված է լինելու հակաօդային, հակահրթիռային և հակաանօդաչու պաշտպանության տեխնիկայով, սակայն սպառազինության կոնկրետ նմուշներ չի նշել։