ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ: Այդ մասին NEWS.am—ին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: 

Քննարկումը վարել է Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը: 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների, որոնք վեր են հանվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և իրականացված մշտադիտարկումների արդյունքում: 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն։ 

Պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների հետ ձևավորված պատշաճ համագործակցությունը և պատրաստակամությունը՝ թե՛ վերհանված խնդիրների քննարկման և կարգավորման, թե՛ համակարգային լուծումներ գտնելու հարցում: