Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում կրկնել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը փոփոխելու անհրաժեշտության մասին գաղափարը։
Ավելի վաղ Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր օրենքը փոփոխելու անհրաժեշտության մասին՝ հանելով 25 տոկոսը պահպանելու հնարավորությունը։ Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է վերադարձնել թալանվածի 100 տոկոսը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, դիմելով Փաշինյանին, հայտնեց, որ Դատախազության կայքում բռնագանձման հարցով ամբողջական տվյալներ չկան, իսկ իր հարցմանն ստացվել է պատասխան, որը էապես տարբերվում է հրապարակված տվյալներից, ընդ որում՝ 411 սուբյեկտի վերաբերյալ որոշում է կայացվել վարույթ չնախաձեռնել։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Դատախազությունը տեղեկությունները գաղտնի պահում, և արդյո՞ք վարչապետը պատրաստ է կարգադրել, որպեսզի Դատախազությունն աշխատի թափանցիկ կերպով։
Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Դատախազությունը որևէ բան չի հրապարակել, ապա դրա համար ունեցել է իրավական հիմքեր։ Այնուհետև նա հիշեցրեց, որ վարչապետը չի կարող ցուցումներ տալ Դատախազությանը։ Նրա խոսքով՝ Դատախազությունը ծավալուն տվյալներ է տրամադրում, իսկ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել բռնագանձման գործընթացների վերաբերյալ։
Արձագանքելով պատասխանին՝ Մանուկյանը նկատեց, որ ցանկանում էր հասկանալ՝ արդյո՞ք առկա են երկակի ստանդարտներ։ Ինչ վերաբերում է վարչապետի լիազորություններին, պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանը հաճախ է դուրս գալիս դրանց շրջանակներից։ Նա նաև նշեց, որ վարույթները չեն նախաձեռնվել այնպիսի անձանց նկատմամբ, որ զարմանալի է, թե դա ընդհանրապես ինչպես կարող էր տեղի ունենալ, և ամբողջ իրավիճակն այնպիսիէ տպավորություն է թողնում, թե օրենքը որպես «մահակ» է օգտագործվում անհնազանդների դեմ։
Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ որպեսզի վերաբերմունքը լինի հավասար, թալանելն էլ պետք է հավասար լիներ․ «Չեմ կարծում, թե որևէ մեկը համեմատվի ձեր խմբակցության և հարևան խմբակցության հետ։ Նման բան այլևս չի կրկնվի։ Բոլորի համար դաս պետք է լինի, որ թալանվածից և ոչ մի լումա չի հաջողվելու յուրացնել»։ Նա նաև հավելել է, որ օրենքը պետք է փոխել, և ապօրինի գույքը 100 տոկոսով վերադարձնել։




























