Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ հանրապետությունում պետք է ավելացնել կարտոֆիլի ցանքատարածությունները։
Լուկաշենկոն ուրբաթ աշխատում է Մոգիլյովի մարզի Շկլովի շրջանում, որտեղ նրան զեկուցում են կարտոֆիլի բերքահավաքի, բելառուսական սելեկցիայի նոր սորտերի և պահպանման տեխնոլոգիաների մասին։
«Մենք պետք է Բելառուսում ավելի շատ կարտոֆիլ մշակենք»,- նրա խոսքերը մեջբերել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» թելեգրամ-ալիքը՝ «Պուլ պերվոգո»-ն։ Լուկաշենկոն հավելել է, որ կառավարությանը հանձնարարել է ձմռան ընթացքում գտնել իրացման նոր շուկաներ և որոշել, թե որտեղ է մշակվելու կարտոֆիլը։
Նախագահը նշել է, որ երկրում կարտոֆիլի ներկայիս ցանքատարածությունները համեմատաբար փոքր են։ «Էլ ի՞նչ բուլբաշներ են, որ կարտոֆիլ չեն արտադրում»,- նկատել է նա։
Լուկաշենկոն նաև հայտարարել է Մոգիլյովի մարզում հողագործության անբավարար վիճակի մասին։ «Մարզը տեղափոխեք ռազմական դրության ռեժիմի և սկսեք աշխատել։ Հակառակ դեպքում մեր զրույցը վերջինը կլինի»,- ասել է նա պաշտոնյաներին։ Լուկաշենկոն հանձնարարել է մինչև 2027 թվականը արմատապես շտկել իրավիճակը մարզում։
«Ես դեռ կայցելեմ նաև Բելառուսի ամենահեռավոր անկյունները։ Բայց եթե որևէ տեղ՝ ջրանցքների մոտ, թփերի կողքին չհերկված հողակտորներ լինեն, դուք չեք աշխատի»,- հավելել է բելառուս առաջնորդը։ Նա նաև Բելառուսի նախագահի օգնական՝ Մոգիլյովի մարզի տեսուչ Նադեժդա Կոտկովեցին զգուշացրել է, որ նրանից «երկաթբետոնե պահանջ» է լինելու։





























