Նյու Յորքում ՄԱԿ-ի ամենամյա Գլխավոր ասամբլեայի առաջին օրը ուղեկցվել է անվտանգության ուժեղացված միջոցներով, կազմակերպության կենտրոնակայանի մոտ երկար հերթերով և տրանսպորտային սահմանափակումներով, հայտնում է Associated Press-ը։

Լրացուցիչ խառնաշփոթ առաջացավ կասկածելի փաթեթի մասին հաղորդումից հետո, որը հետագայում պարզվեց անվնաս է։

Ըստ ամենայնի առաջին անգամ՝ անվտանգության սպառնալիքների աճի պատճառով, ՄԱԿ-ի աշխատակիցներն ու ցածր կարգի դիվանագետները շենք մուտք գործելիս պետք է անցնեին անձնական իրերի ստուգում։ Միևնույն ժամանակ աշխատակիցների մուտքի մոտ, որը առավոտյան 8:00-ից 9:00-ն օգտագործում էին հարյուրավոր մարդիկ, աշխատում էին ընդամենը երկու սկաներ։

Սա հանգեցրեց զգալի ուշացումների։ Որոշ աշխատակիցներ և դիվանագետներ, որոնք փորձում էին շենք մտնել նիստերի սկզբին, ստիպված էին երկար սպասել հերթերում։

Միաժամանակ ՄԱԿ-ի կենտրոնակայանի շրջակայքում երթևեկությունը խիստ սահմանափակվել էր նախագահների, վարչապետների և միապետների ավտոշարասյուների պատճառով։ Նրանց առաջնահերթություն էր տրվում հարակից փողոցներում, ինչը պարբերաբար հանգեցնում էր երթևեկության լիակատար կանգի։

ՄԱԿ-ի համալիրի երկայնքով անցնող Առաջին պողոտան ամբողջությամբ փակվել էր սովորական տրանսպորտի համար։ Դրանով կարող էին անցնել միայն պաշտոնական ավտոշարասյուները։ Դրա հետևանքով մեքենաները, որոնք ուղղվում էին դեպի Մանհեթենի հյուսիսային հատված, զանգվածաբար տեղափոխվել էին մոտակա զուգահեռ Երրորդ պողոտա։

Սակայն օրվա երկրորդ կեսին ոստիկանությունը փակեց նաև այն։

Երեքշաբթի տեղական ժամանակով մոտ 15:00-ին իրավապահ մարմինները հաղորդում ստացան կասկածելի փաթեթի մասին Արևելյան 43-րդ փողոցի և Երրորդ պողոտայի շրջանում։ Դեպքի վայր ժամանեցին սակրավորները և ոստիկանության այլ ստորաբաժանումներ։

Հետագայում պարզվեց, որ հայտնաբերված առարկան վտանգ չէր ներկայացնում։ Այնուամենայնիվ, դրա ստուգումն ու փողոցի փակումը լրացուցիչ բարդացրին երթևեկությունը Մանհեթենում համաշխարհային առաջնորդների հանդիպման առաջին օրը։