Ղազախստանում բարեփոխումներն արդեն ընդգրկել են կյանքի բոլոր ոլորտները, և դրանք շարունակական են լինելու։ Միևնույն ժամանակ երկիրը միջազգային ասպարեզում շարունակելու են դիրքավորել որպես «միջին տերություն»։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով երկրի բարձրագույն խորհրդակցական մարմնի՝ Ժողովրդական խորհրդի նիստում։

«Այժմ Ղազախստանը մասշտաբային փոփոխությունների փուլում է. մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում խորքային բարեփոխումներ են իրականացվում։ Սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվում, փոփոխությունները միանշանակ շարունակվելու են», — նախագահի խոսքերն է մեջբերում նրա պաշտոնական կայքը։

Տոկաևը հիշեցրել է, որ 2026 թվականին հանրապետությունում ընդունվել է նոր Սահմանադրություն, ինչից հետո ձևավորվել է նոր՝ միապալատ խորհրդարանը (Կուրուլտայ), նշանակվել է փոխնախագահ, ինչպես նաև ստեղծվել են Ժողովրդական խորհուրդն ու Անվտանգության խորհրդի աշխատակազմը։

Նա ընդգծել է, որ երկիրն ակտիվորեն զարգանում է, իսկ քաղաքացիները վերջին յոթ տարիներին (Տոկաևը նախագահի պաշտոնը ստանձնել է 2019-ին) «ոչ միայն այդ բարեփոխումների ականատեսն է եղել, այլև արդեն զգում է դրանց արդյունքները»։

Ղազախստանի ղեկավարը նաև նշել է, որ Աստանայում պարբերաբար բարձր մակարդակի հանդիպումներ ու բանակցություններ է անցկացնում օտարերկրյա առաջնորդների հետ։ «Իմ առջև դրված նպատակը հստակ է․ Ղազախստանը համաշխարհային ասպարեզում դիրքավորել որպես միջին տերություն, միջազգային մակարդակում հանրայնացնել մեր պատմությունն ու մշակույթը, պաշտպանել պետական շահերն ու առաջ մղել մեր երկրի հնարավորությունները։ Այլ նպատակներ ես չունեմ», — հայտարարել է Տոկաևը՝ հավելելով, որ դա համազգային առաջնահերթություն է։